«Օլիմպիականները. Փարիզ-2024». Ես դեռևս հաղթանակների ծարավ եմ. Արթուր Ալեքսանյան

7 րոպեի ընթերցում

Artur Aleksanyan File name: HM2_6625.JPG

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային սպորտի պատմության մեջ քիչ են այն մարզիկները, որոնք կարողացել են նվաճել օլիմպիական բոլոր մեդալները` ոսկի, արծաթ, բրոնզ: Հայկական սպորտում արդեն իսկ լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նրանցից մեկն է: «Արմենպրես»-ի հատուկ նախագծի` «Օլիմպիականները. Փարիզ-2024»-ի շրջանակների հաջորդ հերոսը հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն է: 

Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ (97 կգ)

32 տարեկան

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր

Եվրոպայի 7-ակի, աշխարհի քառակի չեմպիոն

Եվրոպական խաղերի հաղթող

Փարիզ-2024-ը չորրորդ Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրերը` օգոստոս 6-7

 

-Եկեք սկսենք ամենասկզբից: Ե՞րբ եք Ձեզ առաջին անգամ հիշում ըմբշամարտի դահլիճում, ըմբշամարտով մարզվելիս:

-Մեր տանը ըմբշամարտը միշտ է եղել, քանի որ հայրս, հորեղբայրս, եղբայրս ըմբիշներ են եղել: Ու այս մարզաձևում լինելը ստացվել է ինքնըստինքյան: Հիմա էլ լավ հիշում եմ` ինչ ոգևորված էի, երբ առաջին անգամ գնացի մարզադահլիճ: 

-Երկար տարիներ է, ինչ այս մարզաձևում եք: Չեք հոգնել արդյոք:

-Գիտեք, ժամանակներ լինում են, երբ հոգնում եմ: Բայց ես հստակ գիտեմ, թե ինչի համար եմ մարզվում, ինչ ճանապարհ եմ անցել, ինչ ճանապարհ եմ հիմա անցնում ու ինչպես եմ գնալու մինչև վերջ` հասնելու իմ նպատակին: 

-Եղե՞լ է արդյոք մի մրցաշար, որը բեկումնային է եղել վերջնականապես մարզաձևն ընտրելու հարցում: 

-Այո, եղել են նման մրցաշարեր երիտասարդ տարիքում: Կարծում եմ՝ որոշիչ եղել է 2010 թվականի աշխարհի երիտասարդների առաջնությունը, որտեղ դարձա հաղթող: Հենց այդ չեմպիոնությունից հետո հաջորդ իսկ տարում արդեն մեծահասակների հավաքականում էի:

-Արթուր, Դուք նվաճել եք բոլոր մեդալները, որոնք  կան ձեզ մարզաձևում: Օլիմպիական ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր եք: Ի՞նչն է Ձեզ դեռ պահում ասպարեզում:

-Եթե անկեղծ՝ այս հարցը ինձ էլի են տվել: Ես դեռևս հաղթանակների ծարավ եմ: Երբեմն ինքս ինձ էլ եմ հարցնում, թե որտեղի՞ց ինձ այս մոտիվացիան, որ այսքան մեդալներ ունեմ ու դեռ շարունակում եմ: 

-Ձեզ մի բան ասեմ։ Գիտեք, բազմաթիվ զրույցներ եմ ունեցել երիտասարդ ըմբիշների հետ և նրանցից շատերը Ձեզ են օրինակ բերում, որ, տեսնելով Ձեզ այս տարիքում մարզվելիս, իրենք էլ են ոգեշնչվում: Արդյոք այս փաստն էլ ե՞ք հաշվի առնում: 

-Գուցե, պահեր լինում են, որ հաշվի առնում եմ նաև այդ հանգամանքը: Մեր հավաքականն ընտանիքի պես է: Բոլորս միմյանց համար ցավում ենք և ուզում ենք, որ հաղթանակները շատ լինեն, ինչը կարևոր է նաև մեր երկրի, մեր ազգի համար:  

-Հիմա, այս տարիների հեռվից. ի՞նչ տեղի ունեցավ Տոկիոյում:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում Իրանի ներկայացուցչի հետ գոտեմարտի ժամանակ շատ լուրջ վնասվածք ստացա: Եվ եզրափակչում մի ոտքով էի գոտեմարտում: Բայց նույնիսկ այդ վիճակում պատրաստ էի հաղթել, եթե չլիներ մրցավարական կողմնապահությունը: Մինչ օրս էլ բոլորին ասում եմ, որ ձեռքով մրցակցիս ոտքին չեմ դիպչել: Աշխարհում մեկը չկա, որը ցույց կտա ինձ, որ ես ձեռքով կպել եմ նրա ոտքին: Եթե վնասվածքը չլիներ, վստահ եմ` կհաղթեի: Փորձելու եմ Փարիզ-2024-ին հասնել իմ նպատակին` դառնալ Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր: 

-Ձեր առաջին Օլիմպիական խաղերը 12 տարի առաջ էին` Լոնդոն 2012-ին: Համաշխարհային սպորտում բացառիկ է, որ մարզիկն իր 4-րդ Խաղերին է մասնակցում: Ի՞նչ մտքով ու խորհրդով եք մոտենում Փարիզ-2024-ին: 

-Գնում եմ հաղթանակի հետևից, բայց ինչ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Օլիմպիական խաղերի բոլոր գույների մեդալներն ունեմ: Ամեն մարզմանը, ամեն մարզումից հեռանալիս այն նույն զգացողությունն ունեմ, որ ունեի Ռիոյի խաղերին: Այն ներքին զգացումն ունեմ, որ գնում եմ օլիմպիական առաջին ոսկու հետևից: Եվ, գուցե, հենց սա է, որ ինձ ուժ է տալիս ու այսքան ժամանակ պահում է սպորտում: 

-Իսկ Փարիզ-2024-ը Ձեր վերջի՞ն խաղերը կլինեն:  

-Այդ հարցին դեռ չեմ կարող պատասխանել: Մտածում եմ այդ մասին, որ Խաղերից հետո ավարտեմ կարիերաս, բայց ինձ դեռևս չեմ պատկերացնում առանց ըմբշամարտի: Ես իմ կյանքն եմ դրել այս մարզաձևում և ինչ ինձ հիշում եմ, այս գորգի գույներն եմ հիշում, այս դահլիճն եմ հիշում:

-Արթուր, այդ պարագայում ինքներդ Ձեզ ինչ-որ բան ունե՞ք ապացուցելու:

-Գիտեք, էլ ապացուցելու ոչինչ չունեմ, ոչ ինքս ինձ, ոչ էլ այլոց: Պարզապես շատ դժվար է լինելու ըմբշամարտից կտրվելը: Սակայն նպատակ ունեմ, որ հաղթանակով ավարտեմ կարիերաս, սակայն չեմ կարող ասել, թե դա երբ կլինի:

-Ինչպե՞ս կուզեիք, որ մարզաձևից հեռանալիս Ձեզ հիշեն: 

-Որպես կրկնակի օլիմպիական չեմպիոն (հեղ. ծիծաղում է): Բայց կուզենայի, որ հաջորդ սերունդները ձգտեին գերազանցել այդ արդյունքները:

-Ո՞րն է ըմբշամարտի գեղեցկությունը, որը դուք ` ըմբիշներդ, տեսնում եք, սակայն մեզ համար այն անտեսանելի է: 

-Ըմբշամարտում թե՛ տանջալի ու դժվար պահերն են շատ, և թե՛ հաղթանակներն են կարևոր: Բայց ինձ համար ըմբշամարտն ապրելակերպ է և այս մարզաձևում ինձ ամենաշատը դուր է գալիս այն հարազատության զգացումը, որը կա թե՛ մեր սերնդի մեջ, թե՛ մեր մեծերի շրջապատում:  

-Եթե մեկ հնարավորություն ունենայիք գոտեմարտելու համաշխարհային սպորտի պատմության մի ըմբիշի հետ, ո՞ւմ կընտրեիք: 

-Իհարկե, քաշային կարգի տարբերություն կլիներ, բայց, գուցե, Ալեքսանդր Կարելինի, ինչպես նաև Արմեն Նազարյանի: 

-Եվ եթե հայոց պատմության մի կերպարի հետ մեկ ժամ զրուցելու հնարավորություն տրվեր Ձեզ, ո՞ւմ հետ կուզեիք խոսել:

-Մեր թագավորների: Իսկ մեր ժամանակներին մոտ`Մոնթե Մելքոնյանի: 

-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-Նպատակակետ: 

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյան

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Հայերեն العربية Español Français ქართული Русский

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև