Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». մարմնամարզության հավաքականի ֆենոմենը մեր մարզիչներն են. Վահագն Դավթյան

6 րոպեի ընթերցում

Վահագն Դավթյան
Վահագն Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության ընտրանու անդամները հայկական սպորտային իրականության ամենավառ ներկայացուցիչներից են, որոնք վերջին տարիներին շարունակում են մնալ մարզաձևում լավագույնների շարքում: Հայաստանի օլիմպիական հավաքականի ամենաավագ մասնակիցը մարմնամարզիկ Վահագն Դավթյան է, ով իր առաջին Օլիմպիական խաղերին մասնակցում է 35 տարեկանում: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը մարմնամարզիկ Վահագն Դավթյանն է:

Վահագն Դավթյան

Մարմնամարզիկ (օղակներ)

35 տարեկան

Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե և մեկ բրոնզե մեդալակիր

Եվրոպական խաղերի փոխչեմպիոն

Փարիզ-2024-ն առաջին Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրերը` հուլիսի 27, օգոստոսի 4

 

 

-Վահագն,  ե՞րբ է տեղի ունեցել ձեր առաջին «հանդիպումը» մարմնամարզության հետ:

-Առաջին անգամ մարմնամարզության ինձ ու եղբորս տարել են ծնողներս: Մենք 5-6 տարեկան էինք: Սա այն տարիքն է, որ գիտակից չես որոշումներ կայացնելու, այն էլ նմանատիպ մարզաձևի համար: Ծնողներիս նպատակը մեզ կոփելն էր, որ ազատվեինք հավաքված, կուտակված «էներգիայից»: Իսկ մարզաձևին նվիրվելը, մարմնամարզությունը սիրելն արդեն ժամանակի ընթացքում եղավ, մեծ տարիքում: 

-Եղե՞լ է արդյոք մի մրցաշար, որն, ըստ Ձեզ, բեկումնային է եղել մարզաձևում վերջնականապես մնալու ու առաջ շարժվելու համար:

-Կարծում եմ իմ պարագայում դա մի մրցաշար չէր, այլ երկար տարիների մարզումային գործընթացի համադրումն էր: Երբ ձևավորվում է սպորտային տարերքը, փուլ առ փուլ սկսում ես Հայաստանի առաջնությունից հասնել միջազգային մրցաշարերի, գալիս ես գիտակցության, որ գտել ես քոնը: Երբ ժամանակի ընթացքում գրանցած արդյունքներդ բարձրանում են, նպատակներդ էլ ինքնըստինքյան մեծանում է: 

-Ինչպե՞ս եք կանգ առել հենց օղակների վրա: 

-Յուրաքանչյուր մարզիկի մոտ վարժությունն առանձնանում է ոչ իր սեփական ընտրության շնորհիվ: Մենք չենք ընտրում վարժությունը, այլ` ֆիզիկական վիճակն է որոշում: Երբեմն կան մարզիկներ, որոնք նույն կայուն արդյունքն են ցույց տալիս տարբեր գործիքների վրա: Իմ պարագայում օղակների ընտրությունը ինքնաբերաբար է եղել: Ինձ համար երջանկություն ու պատիվ էր հայկական մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանի հետ նույն մարզադպրոցում մարզվելը, այն էլ օղակների վրա: Սովորել ու ոգեշնչվել եմ նրանից: 

-Մարմնամարզիկների մարզումային պայմանները հեռու են նորմալ որակումից: Ինչի՞ց է, որ չունենալով նորմալ մարզադահլիճ, այսքան ֆենոմենալ արդյունք եք գրանցում ամբողջ թիմով:

-Մարմնամարզության հավաքականի ֆենոմենը մեր մարզիչներն են: Մեզանում, ինչպես դաստիրակության ձև, այդ ամենը արմատավորվել է տարիների ընթացքում: Ղեկավարից շատ բան է կախված՝ թե հոգեբանության տեսանկյունից, թե գրանցած արդյունքների, թե կարգապահության: 

-Վահագն, 35 տարեկան եք և մասնակցում եք ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Դուք գալիս եք ապացուցելու, որ տարիքը միայն թի՞վ է:

-Այո, տարիքը թիվ է միայն: Ճիշտ է նաև այն, որ տարիքի հետ ամեն ինչ սկսում է առավել դժվար տրվել` մեծանում է վնասվածք ստանալու հավանականությունը, ստացած վնասվածքը բուժելու երկար գործընթացը: Բայց այս ամենի հետ մեկտեղ տարիքը մեծ փորձ է: Այն կարծիքին եմ, որ մեր մարզաձևում փորձն ավելի կարևոր է ու օգտակար: Մեծ փորձն է, որ հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործել ներուժը: 

 -Մեր նախնական զրույցի ժամանակ Ձեր խոսքում ասացիք, թե հրաշալի  կլինի, եթե ստացվի այնպես, ինչպես եվրոպական խաղերում. Արթուրը` ոսկի, ես` արծաթ: Սակայն իրատեսորեն նայելով մարզական ամենակարևոր այս իրադարձությանը` Օլիմպիական խաղերին, ի՞նչ խնդիր ունեք ձեր առաջ դրած:

-Գիտեք, երբ զրուցում էինք, վերհիշեցի այն րոպեները եվրոպական խաղերում ու այն ինձ շատ դուր եկավ, որպես ապագայի տեսլական: Իմ խնդիրն Օլիմպիական խաղերին լավագույնս  մասնակցելն է: Ինձ համար լավագույնը կլինի, որ նախ ինքս, ապա մարզիչներս գոհ լինեն: Հրաշալի արդյունք կլինի, եթե կարողանամ մրցանակային տեղ զբաղեցնել: Այս Խաղերին առավելագույնն եմ անելու: Վաղուց արդեն մենք չենք գնում մրցաշարերի պարզապես մասնակցության համար: 

-Չեմ կարող չհարցնել. ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը Երևանի քաղաքապետարանում և մարզումային գործընթացը:

-Դժվարությամբ: Աշխատանքային և մարզումային գործընթացները ժամանակատար են: Հսկայական աշխատանք ու նյարդեր է պահանջում: Սակայն եթե կա ցանկություն ու դրան գումարվում է նաև նպատակը, հնարավոր է ամեն ինչ հասցնել: Փորձում եմ այնպես անել, որ աշխատանքից չտուժի մարզումներս և հակառակը: Նաև շնորհակալ եմ իմ ղեկավարությանը, որոնք ամեն կերպ ինձ ընդառաջում է: 

-Եվ վերջում՝ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…

-…իմ առաջին Օլիմպիական խաղերը:

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան 

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի  

Ամփոփում ենք IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը

Սպորտ

Ամփոփում ենք IDBank Premier League 2023-2024 մրցաշրջանը

Հայաստանի բասկետբոլի հավաքականները կպայքարեն Եվրոպայի առաջնություններում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականները կպայքարեն Եվրոպայի առաջնություններում

Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ

Սպորտ

Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ

«Փյունիկ»-ը նոր համալրումներ ունի

Սպորտ

«Փյունիկ»-ը նոր համալրումներ ունի

«Օլիմպիականները. Փարիզ-2024». ամեն ինչ անելու եմ լավ գոտեմարտեր անցկացնելու համար. Սլավիկ Գալստյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». ամեն ինչ անելու եմ լավ գոտեմարտեր անցկացնելու համար. Սլավիկ Գալստյան

Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Սպորտ

Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Եվրո-2024. Անգլիան կիսաեզրակիչում է

Սպորտ

Եվրո-2024. Անգլիան կիսաեզրակիչում է

Տարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում է

Սպորտ

Տարոն Ոսկանյանը կրկին «Փյունիկ»-ում է

ՀՖՖ նախագահն Արմավիրի մարզում մասնակցել է փոքր խաղադաշտերի բացման արարողությունների

Սպորտ

ՀՖՖ նախագահն Արմավիրի մարզում մասնակցել է փոքր խաղադաշտերի բացման արարողությունների

Սլովակիայի քաղաքներից մեկի իշխանությունները ռուս թիավարներին արգելել են մասնակցել աշխարհի առաջնությանը

Սպորտ

Սլովակիայի քաղաքներից մեկի իշխանությունները ռուս թիավարներին արգելել են մասնակցել աշխարհի առաջնությանը

Եվրո-2024. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Սպորտ

Եվրո-2024. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում