Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». ամեն մի մրցաշար ինքնահաղթահարման նոր փորձություն է, նոր հնարավորություն. Երվանդ Մկրտչյան

5 րոպեի ընթերցում

«Օլիմպիականները. Փարիզ-2024». ամեն մի մրցաշար ինքնահաղթահարման նոր փորձություն է, նոր հնարավորություն. Երվանդ Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականը վերջինը համալրել է աթլետ Երվանդ Մկրտչյանն, ով առաջին անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին:

«Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը վազորդ Երվանդ Մկրտչյանն է: 

Երվանդ Մկրտչյան

Վազորդ (800  մետր)

28 տարեկան

փոքր պետությունների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր

Բալկանյան խաղերի հաղթող

Փարիզ-2024-ն առաջին Օլիմպիական խաղերն են

Մրցումային օրը` օգոստոսի 7-ին

 

-Երվանդ, պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս է սկսվել ձեր ճանապարհն աթլետիկայում:

-Աթլետիկայով սկսել եմ հետաքրքրվել16 տարեկանում: Սակայն այս մարզաձևում հիմնականում մարզվում են 11-12 տարեկանից: Դրանից առաջ, ինչպես բոլոր հայ տղաները, մարզվել եմ ըմբշամարտով: Բայց շուտ հասկացա, որ այն իմը չէ: Աթլետիկայի մասին ավելի շատ իմացա փեսայիցս: Նա էր, որ ի սկզբանե մարզվել է իմ մարզչի` Գրիգոր Բարսեղյանի մոտ: Ու գիտեք հետաքրքիրն ինչն է, որ ֆուտբոլ խաղալիս են նկատել, որ աթլետիկ տվյալներ ունեմ: Առաջին իսկ մարզման ու «հանդիպման» ժամանակ սիրահարվել եմ այս մարզաձևին:

-Ըմբշամարտն ու աթլետիկան այդքան էլ մոտ մարզաձևեր չեն: Ինչո՞ւ ըմբշամարտը և ինչո՞ւ չշարունակեցիք:

-Ես Շիրակի մարզի Ջրաձոր համայնքից եմ և ըմբշամարտով մոտ 1,5 տարի զբաղվել եմ Ամասիայում: Բայց դրանից էլ առաջ, 6 տարի զբաղվել եմ հայկական ժողովրդական պարերով: 

-Մեծ ցավով եմ ասում, բայց Հայաստանում աթլետիկան այն մեծ հնարավորությունն ու գնահատանքը չունի, ինչը որ կա այլ երկրներում, թեպետ աթլետիկան «սպորտի թագուհին» է: Ի՞նչն է ձեզ պահում մարզաձևում:

-Իմ կարծիքով աթլետիկայի ոչ արագ զարգացումը կապված է սպորտում չներդրվող առավել մեծ ուժերի բացակայությունից: Իմ ընկերների`աթլետ Լևոն Աղասյանի, լողորդ Արթուր Բարսեղյանի, Վարսենիկ Մանուչարյանի միջոցով է, որ երկրորդ շարքում գտնվող մարզաձևերը սկսում են զարգանալ: Ինչ վերաբերում է հենց աթլետիկային, ապա մեր երկրում չկան միջազգային կարգի համապատասխան ենթակառուցվածքներ: Ուրախ ու շնորհակալ ենք ԿԳՄՍ-ին ու ֆեդերացիային, որ այժմ գոնե ունենք Արտաշատի մարզադաշտի այս վազքուղյակը: Հույս ունեմ, որ սա կլինի սկիզբը միայն և մենք ենթակառուցվածքներ կունենանք Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում ևս:

-Այն կարծիքի՞ն եք, որ պայմանների առկայության դեպքում արդյունքները երկար սպասել չեն տա:

-Այո, իհարկե: Ինչու եմ վստահ ասում, քանի որ նախորդ տարիների համեմատ այս տարիներին ազգային առաջնությունում գրանցվող արդյունքները շատ ավելի բարձր են: Եվ սա այն դեպքում, որ ունենք միայն Արտաշատի այս մարզադաշտը:

-Ո՞րն է աթլետիկայի գեղեցկությունը, որը դուք` աթլետներդ, տեսնում եք, սակայն մեզ համար այն անտեսանելի է:

-Բոլորս գիտենք, որ «սպորտի թագուհին» աթլետիկան է: Բայց ինձ առավել շատ դուր է գալիս այն, թե ինչպես կարող է մարդ այդքան արագ ու երկար վազելով` չհոգնել: Աթլետիկան պայքար է ինքդ քո դեմ, աշխատանքի դեմ, որը կատարում ես ամեն օր: 

-Երվանդ, այս Օլիմպիական խաղերը ձեր առաջին խաղերն են: Ի՞նչ խորհրդով ու մտքով եք մոտենում Փարիզ-2024-ին:

-Յուրաքանչյուր մրցման` լինի դա Հայաստանում, արտերկրում՝ այդ դեպքում՝ Օլիմպիական խաղերը, մեծ պարտավորվածությամբ եմ մոտենում: Ամեն մի մրցաշար ինքնահաղթահարման նոր փորձություն է, նոր հնարավորություն: Սակայն Օլիմպիական խաղերն ամեն մի մարզիկի համար՝ լինի աթլետ, ըմբիշ թե լողորդ՝ երազանք է: Փարիզում ձգտելու եմ իմ ուժերի առավելագույնն անել: Հրաշալի զգացողություն ունեմ, դժվարանում եմ բառերով այն ձեզ փոխանցել: Առաջին անգամ է, որ ներկայանում եմ նման մեծ մրցաշարի: Վերջապես հասնում եմ այն մեծ նպատակին, որի համար պայքարել եմ տարիներով:

-Եթե ոչ աթլետիկան, ապա ի՞նչը:

-Ազգային ժողովրդական պարեր:

-Եվ վերջում՝ խնդրում եմ ավարտեք նախադասությունը․ «Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…»։

-…նոր մարտահրավերների սկիզբ:

«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա Հայրապետյան 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում