«Մշակութային խաչմերուկ»․ 5 երկրի արվեստագետներ Հայաստանում կանցկացնեն վարպետության դասեր
3 րոպեի ընթերցում
![«Մշակութային խաչմերուկ»․ 5 երկրի արվեստագետներ Հայաստանում կանցկացնեն վարպետության դասեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1138461.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ «Մշակութային խաչմերուկ» ծրագրի շրջանակում Հայաստանը հյուրընկալում է արվեստագետների Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից և Շվեյցարիայից։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը նշեց, որ արվեստագետները վարպետության դասեր, աշխատարաններ, կլոր սեղան-քննարկում և հանդիպումներ կունենան Հայաստանի մի քանի քաղաքներում։
«Այս նախագիծն արդեն 2-րդ տարին ենք անցկացնում։ Այս տարի այն բավականին ընդգրկուն է սպասվող միջոցառումների առումով։ Ասեմ, որ մասնակցության աշխարհագրությունը ևս ընդլայնվել է։ Հիմնական նպատակն է այլ երկրներից մեր գործընկերներին, արվեստագետներին բերել Հայաստան, իսկապես մշակութային խաչմերուկ դարձնել մեր երկիրը։ Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ նախագիծը լավ առիթ է նոր կապերի, համագործակցության համար»,-ասաց Վահան Բադալյանը։
Ուսումնաճանաչողական և ստեղծագործական այս նախագիծը կիրականացվի Երևանում, Վանաձորում և Գորիսում: Այն հրաշալի հնարավորություն է մարզային արվեստասեր հանրության համար՝ ծանոթանալու միջազգային արվեստագետներին և նրանց ստեղծած արվեստին, ստեղծագործելու և ներկայացնելու տվյալ մարզի ազգային մշակութային ավանդույթներն ու հնարավորությունները:
Իտալիայից խորեոգրաֆ և պարուհի Դանիելա Դելերչին առաջին անգամ է Հայաստանում և մեծ ոգևորությամբ է սպասում սպասվող միջոցառումներին։
«Աշխատելով որպես խորեոգրաֆ՝ ես հետաքրքրված եմ հայ արվեստագետներով, նրանց աշխատանքով։ Իմ աշխատարանը հիմնված է ժամանակակից պարերի վրա։ Ներկայացնելու ենք հայկական ու իտալական մշակույթի առանձնահատկությունները պարի միջոցով»,-ասաց Դանիելա Դելերչին։
Պարարվեստից զատ ծրագրում նաև տիկնիկագործությունն է, թանգարանային գործը, թատերարվեստը։ Նախագիծը դառնալու է մշակութային խաչմերուկ հինգ երկրների արվեստագետների և արվեստասերների համար։ Շվեյցարիայից դրամատուրգ, ռեժիսոր Լուսիեն Հոգին ևս առաջին անգամ է Հայաստանում և կարևորում է համագործակցության նոր հնարավորությունները։
«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելը։ Սա իմ առաջին այցն է և ես հույս ունեմ ամուր կապեր հաստատել տեղի արվեստագետների հետ, փոխանակվել փորձով։ Թատրոնում ևս շատ կարևոր է կապն ու հաղորդակցությունը»,-ասաց Լուսիեն Հոգին։
Մայիսի 31-ից հունիսի 17-ը նախագծի հյուրերը կլինեն Երևանում, մարզերում։ Վարպետության դասերից զատ, իրենց համար նախատեսված են մի շարք ճանաչողական այցեր Հայաստանի մշակութային ժառանգությունը բացահայտելու համար։