ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Մրգավան գյուղում, «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Բ, ծնված 1971 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին: