Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

8 րոպեի ընթերցում

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հարցերն ինչ-որ պահի պետք է լուծվեն, և պետք է հաղթահարվի ստալինյան սարսափելի ժառանգությունը, քանի որ հակառակ դեպքում դրանք միշտ էլ հավանական պատերազմի առիթ կլինեն, որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։

Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

-Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, ինչպես նաև շարունակում է ագրեսիվ հայտարարություններ անել, ինչո՞ւ Եվրամիությունը որևէ պատժամիջոց չի կիրառում Ադրբեջանի կամ անձամբ Ալիևի նկատմամբ։

-Անհետաքրքրության և սեփական շահի համակցության պատճառով: Եվրոպան և ԱՄՆ-ն անվտանգության քաղաքականության առումով ամբողջությամբ ընկղմված են Ուկրաինայի և Իսրայելի պատերազմներում։ Իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Եվրոպան կախված է նավթի և գազի այլ մատակարարներից։ Եվ հետո կա այն փաստը, որ Ադրբեջանը շատ ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի քաղաքական գործընթացներում։ «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է։ Եվ, ցավոք, դա հաջողվում է. արևմտյան քաղաքական գործիչների մեջ կան նաև թույլ մարդիկ, որոնք իրենց արժեքները մի կողմ են նետում մի շարք հարմարությունների համար:

-Որքանո՞վ է կարևոր Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացումը տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար։ Ինչպե՞ս կգնահատեք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը։

-Հանդիպումը շատ մեծ նշանակություն ուներ. դա ապացուցեցին ապրիլի 5-ին նախորդող շաբաթվա ընթացքում Ադրբեջանի նյարդային սադրանքները։ Եվրոպայի հավատարմությունը Հայաստանի անվտանգությանը վաղուց էր սպասվում: Ի վերջո, Հայաստանը կրկին աշխարհաքաղաքական իրավիճակի գրավատուն է։ 2018 թվականին երկիրը հստակ որոշում կայացրեց հօգուտ ժողովրդավարության և օրենքի գերակայության: Նաև արևմտյան արժեքների հանրության խնդիրն է այս երկիրը պաշտպանել, երբ շրջապատող ավտորիտար պետությունները, որոնք դեմ են ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը, հարձակվում են: Ռուսաստանը՝ որպես ավտորիտար բլոկի առաջատար ուժ, կանի իրենից կախված ամեն ինչ Հայաստանն իր ձեռքում պահելու համար։ Այդ իսկ պատճառով Եվրամիության հետ արագ և արդյունավետ բանակցությունները չափազանց կարևոր են։ Եվ, երբ ես ասում եմ «արագ», ես, անշուշտ, կարող եմ ժամկետ նշել. Հայաստանին Արևմուտքից անհրաժեշտ են անվտանգության համապարփակ երաշխիքներ մինչև Բաքվում COP29-ի (Կլիմայի փոփոխության գագաթնաժողով) ավարտը, քանզի ես շատ վստահ եմ, որ Ալիևը COP29-ից հետո կկորցնի ցանկացած ընկերական դեմք, և որ Պուտինը նույնպես կստիպի նրան բռնի գործողությունների դիմել։ Բայց Հայաստանի համար հետդարձի ճանապարհ չկա։ Դրա համար էլ Արևմուտքը պետք է իսկապես արագորեն իր ‹‹գույները›› ցույց տա Հայաստանի համար։

-Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Ինչպե՞ս կգնահատեք այս համաձայնագիրը և, ըստ Ձեզ՝ կարո՞ղ է այն խաղաղություն բերել երկու երկրներին և Հարավային Կովկասին։

-Ինչ-որ պահի պետք է լուծվեն սահմանային հարցերը, և պետք է հաղթահարվի ստալինյան այս սարսափելի ժառանգությունը՝ հատկապես հայկական տեսանկյունից, քանի որ հակառակ դեպքում նրանք միշտ էլ հավանական casus belli են (խմբ․ պատերազմի առիթ), որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Ադրբեջանի հետ հենց բուն համաձայնագիրը, հավանաբար, ավելի քիչ կարևոր է, քան սահմանի վրա արդյունավետ աշխատանքը. Ալիևի ռեժիմը, այնուամենայնիվ, չի հարգում որևէ պայմանավորվածություն։ Սակայն, եթե սահմանազատումը հնարավոր լինի իրականացնել Հայաստանի համար ընդունելի ճանապարհով, ապա կստեղծվեն արդյունավետ, տեսանելի փաստեր, որոնք նույնիսկ բռնակալը (խմբ․ նկատի ունի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին) չի կարող անտեսել։ Տավուշի իրադարձությունները ցույց են տալիս, որ հայկական կողմի համար չափազանց բարդ է։ Միևնույն ժամանակ, դա նաև նշան է աշխարհին՝ հայկական ժողովրդավարությունը բավականաչափ կայուն է, որպեսզի կարողանա գլուխ հանել նույնիսկ նման՝ հասկանալիորեն տարրական խնդիրներից։

-Վերջին տարիներին շատ է խոսվում Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է այսպես կոչված «միջանցք»՝ միաժամանակ սպառնալով այն ուժով ձեռք բերել։ Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման ագրեսիվ և չպատճառաբանված վարքագիծը։

-Ցավոք սրտի, այս պահվածքը տրամաբանական է Ալիևի ռեժիմի համար։ Արցախի Հանրապետությունը դաժանորեն ոչնչացնելուց և էթնիկ զտման ենթարկելուց հետո նրան այժմ նոր պահանջներ են պետք Հայաստանի դեմ, որովհետև նա իր գոյության պատճառն է պատկերում Հայաստանից թշնամական կերպար ստեղծելու եղանակով. Ալիևը կլեպտոկրատ է, սեփական ժողովրդին կողոպտող բռնակալ: Կասպից ծովի հանքային պաշարներով ադրբեջանցի ժողովուրդն իրականում պետք է լինի աշխարհի ամենահարուստներից մեկը։ Բայց փողը հայտնվում է միայն ռեժիմի և նրա հավատարիմ հետևորդների գրպաններում։ Հիմա պատկերացրեք, թե ի՞նչ կլիներ, եթե նման հանքային պաշարներ չունեցող հայ ժողովուրդը հասներ տնտեսական բարգավաճման, ինչպես նաև ժողովրդավարության, խոսքի ազատության, օրենքի գերակայության և այլնի։ Դա Ալիևի համար լիակատար պարտություն կլիներ։ Դրա համար նա պետք է փոքր պահի Հայաստանը և նորից ու նորից հարձակվի նրա վրա, ինչպես Պուտինը դատապարտված է նորից ու նորից հարձակվել Ուկրաինայի վրա։

-Ի պատասխան ադրբեջանական կողմի այս պնդումների՝ անցյալ տարի Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ։

Դա տրամաբանական և խելացի պատասխանն է ադրբեջանական պահանջներին, քանի որ «Խաղաղության խաչմերուկը» վերցնում է մյուս կողմի փաստարկները և դրանք մերկացնում՝ որպես շովինիստական ագրեսիայի պատրվակ։ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» պահանջը հիմնավորում է ընդհատված հաղորդակցության ուղիներով։ Եթե խնդիրն իսկապես սա լիներ, ապա պետք է համաձայնել «Խաղաղության խաչմերուկ»-ին, քանի որ այս ծրագիրը հասցեագրում է այս խնդիրը շատ ավելի համապարփակ լուծմամբ, քան զուտ «Զանգեզուրի միջանցքը»։

Այս մարտավարական նկատառումներից բացի, իհարկե, այդպես է, որ բաց սահմանները, առևտուրն ու փոխըմբռնումը միշտ աջակցում են խաղաղությանը: Սակայն Մոսկվային, Բաքվին և Անկարային սրանից ոչ մեկը չի հետաքրքրում։ Նրանք միայն շահագրգռված են ապահովելու իրենց ազդեցությունը և ռեժիմը, և, հետևաբար, դեմ են այն արժեքներին, որոնց Հայաստանը այդքան տպավորիչ կերպով հասավ 2018 թվականին։

Դավիթ Մամյան

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Պաշտոնական

ՀՀ վարչապետը մեկնում է արձակուրդ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

Բանակ

Տավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆ

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

Եվրոպա

ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված պետական ընդունելությանը

ՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը

Մարզեր

ՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը

Հուլիսի 16-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 16-ի միջոցառումների անոնս

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Քաղաքականություն

Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Մարինա Կալյուրանդին

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

Քաղաքականություն

Մարինա Կալյուրանդն ավարտում է պաշտոնավարումը՝ որպես ԵԽ-ում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի միջազգային մրցաշարում

Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի միջազգային մրցաշարում

Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Տնտեսություն

Հունգարիան աջակցություն է տրամադրել Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին և ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Իրավունք

Տղաներ և աղջիկներ են ձերբակալվել Հաղթանակ կամրջի վրա մեքենայից կրակոցներ արձակելու համար

Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները

Միացյալ Նահանգներ

Երևանում մեկնարկել են հայ-ամերիկյան զորավարժությունները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում