Սպորտ

Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իսպանիան սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսպանիա երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակներում ակտիվ բարեփոխումների փուլում է գտնվում: Ներկայացնելով բարեփոխումները՝ նախարարը նշել է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որտեղ մեծ տեղ է հատկացվում ԲՏՃՄ և օտար լեզուների ուղղությամբ կրթությանը:

Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են ուսումնական հաստատությունների կառավարմանը, ուսումնական հաստատություններում սովորողների կրթության որակի բարձրացման վրա ազդող գործոններին և սովորողների ուսումնառության մոտիվացիայի բարձրացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական կրթությանն ու իսպաներենի ուսուցմանն առնչվող հարցերին:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիան ստորագրել են սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր:

Ըստ փոխըմբռնման հուշագրի՝ կողմերը կզարգացնեն հարաբերությունները սպորտի ոլորտում՝ հաշվի առնելով, որ սպորտն ամուր հենասյուն է բարեկամական հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման համար։

Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու սպորտային բժշկության, ​հակադոպինգային գործունեության, ​խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման, սպորտի ոլորտում մասնագետների և ղեկավարների վերապատրաստման, երիտասարդ մարզիկների ձևավորման, սպորտում կանանց ներգրավվածության բարձրացման և այլ ուղղություններով: Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սպորտի կառավարման մոդելի զարգացմանը և այդ համատեքստում քննարկվել իսպանական փորձի ուսումնասիրության հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է իսպանական կողմի՝ Հայաստանում անցկացվող միջազգային խոշոր մարզական միջոցառումներին ակտիվ մասնակցությունը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում