5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր, դրամատուրգ, Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը «Հորացիոյի գաղտնիքը» գրքով նորովի է ներկայացրել անգլիացի մեծ դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի թերևս ամենաառեղծվածային և քիչ ուսումնասիրված հերոսին:
«Հորացիոյի գաղտնիքը» գրքում հեղինակն օգտագործել է միջանկյալ հետևությունների և տրամաբանական եզրակացությունների գրեթե մաթեմատիկորեն կառուցված համակարգ և առաջարկել անսպասելի, սակայն գիտականորեն հիմնավորված եզրակացություն:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արա Երնջակյանը նշում է, որ կան ռեժիսորներ, որոնք «Համլետ» բեմադրելիս հրաժարվում են Հորացիոյի կերպարից՝ այն ավելորդ համարելով, անգամ դասական թարգմանություններ կան, որտեղ այդ կերպարը բացակայում է:
«Ընդունված է ասել, որ Հորացիոն Համլետի ընկերն է և առանձնապես ոչ մի դերակատարություն չունի պիեսում, բայց այդպես չէ: Այս աշխատությունը գրել եմ 1993 թվականին: Հիմքում այն է, որ Հորացիոյի կերպարն ունեցել է նախատիպ, որը հռոմեացի նշանավոր գրող, բանաստեղծ Քվինտոս Հորացիոս Փլակոսն է: Աշխատությունում բավականին լուրջ հիմքեր կան դա ապացուցելու: Եթե Շեքսպիրի ողբերգությանն այդ տեսանկյունից ես նայում, այն բոլորովին այլ իմաստ է ձեռք բերում. ստացվում է, որ Հորացիոն ոչ թե պատահական ու անշուք կերպար է, այլ լուրջ գործող անձ, որը Շեքսպիրի ստեղծագործության մեջ խորոսի դեր է կատարել: Լինելով երկրորդ պլանում՝ Հորացիոն ամբողջ պիեսն իր հետևից է տանում: Նա է սկսում ողբերգությունը, նա է ավարտում, նա է հայտնում, որ Համլետը կխելագարվի, որ ինքը մենամարտում կպարտվի, որ Օֆելյան խելագարվելու և մեռնելու է, որ Լայերտն ապստամբություն է բարձրացնելու և այլն»,-շեշտում է Երնջակյանը:
Արա Երնջակյանն իր ստեղծագործական գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձել է Շեքսպիրին և նոր մոտեցումներով, հետաքրքիր լուծումներով հեղինակի լեզվով խոսել շեքսպիրյան շրջանից մինչ օրս հասարակությանը, անհատին հուզող խնդիրների, մարդկային հարաբերությունների մասին: Տարիներ առաջ ռեժիսորը նոր շնչով բեմադրեց «Համլետ»-ը, որը գրքի շնորհանդեսին դիտելու հնարավորություն ունեցան բոլոր ներկաները, սակայն այդ բեմադրության մեջ Երնջակյանը ևս խուսափել է Հորացիոյի կերպարից:
«Երբ սկսել էի բեմադրությունը, բոլորին թվում էր, թե առաջին պլան կբերեմ հենց Հորացիոյին, սակայն չարեցի դա: Փնտրելու դեպքում կարող եք ներկայացման մեջ գտել մի կերպար, որը Հորացիոյի գիծն է տանում, սակայն ոչ նրա տեքստերով»,-ասում է նա:
«Հորացիոյի գաղտնիքը» գիրքն առաջին անգամ Մոսկվայում է հրատարակվել ռուսերեն լեզվով: Հայերեն է թարգմանվել 2022 թվականին: Երնջակյանը խոստովանում է՝ շատ ուշ է նախաձեռնել շնորհանդեսը, քանի որ խուսափում է լայնամասշտաբ միջոցառումներից:
Գիրքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Շեքսպիրի հետազոտողների համար և կարող է խթան դառնալ հայտնի ստեղծագործության՝ «Համլետ»-ի վերաբերյալ մի շարք արմատացած տեսակետների վերանայման համար: Թեթև և առանց ավելորդ «գիտականության» գրված գիրքը կհետաքրքրի նաև ընթերցողների լայն շրջանակին:
Անդրադառնալով Շեքսպիրի շուրջ ստեղծված առեղծվածներին, այն տեսակետին, թե մեծ դրամատուրգն իրականում հավաքական կերպար է և այլն՝ ռեժիսորն ասում է՝ այդ թեմայի շուրջ բազմաթիվ աշխատություններ են գրվել, որոնք հետաքրքիր են: Երնջակյանը զարմանալի է համարում այն, որ Շեքսպիրը գրել է աշխարհի մասին, սակայն նրա մահից հետո նրա տանը ոչ մի գիրք չի հայտնաբերվել:
Արա Երնջակյանը հիսունից ավելի պիեսի, հինգ կինոսցենարի, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է: 2004 և 2008 թվականներինլույս է տեսել Երնջակյանի «Հոռետեսական կատակերգություններ» գրքի 4-հատորյակը: Ժողովածուի մեջ տեղ են գտել մի շարք պիեսներ, հետազոտական էսսեներ, ինչպես նաև աշխատություն՝ նվիրված Նույնացման համակարգին:
2012 թվականին Արա Երնջակյանին շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան. «Հորացիոյի կերպարը` որպես հին հունական պարերգի (խորոսի) մետամորֆոզ» աշխատության համար: Աշխատությունն, ըստ մասնագետների, հանդիսացավ նոր խոսք շեքսպիրագիտության մեջ` նորովի մեկնաբանելով անմահ ողբերգության թերևս ամենախորհրդավոր կերպարը: Այդ գիտական աշխատության հիման վրա 2016 թվականին Մոսկվայում լույս տեսավ Արա Երնջակյանի «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի