5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ»-ը վառ և հետաքրքիր պատկերներով կենդանացել է կոմիքսի միջոցով. Հերոսները պահպանել են ազգային ոգին, հայրենասիրությունն ու նվիրվածությունը մայր հողին:
Ավելի քան հարյուր էջից բաղկացած «Սասունցի Դավիթ» պատկերապատման (կոմիքսի) գիրքը հասցրել է դառնալ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի մրցանակակիր և ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել որպես ուսումնաօժանդակ նյութ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատկերապատման շնորհանդեսը, որին մասնակցում էին ոչ միայն մեծահասակներ, այլև բազմաթիվ փոքրիկներ, տեղի ունեցավ մայիսի 6-ին Հայաստանի նկարիչների միությունում:
«Սասունցի Դավիթ» պատկերապատումը նախաձեռնել են հաղորդավար և նախագծի տնօրեն Գոհար Գասպարյանն ու իրավաբան, նախագծի պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանը։
Ավելի վաղ նրանք կոմիքսների երկրպագուներին էին ներկայացրել «Հայկ և Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերապատումը, որը սիրվել էր և մեծ պահանջարկ վայելել: Թե՛ երեխաները, թե՛ նրանց ծնողները հարցրել են արդյոք հնարավո՞ր է նաև «Սասունցի Դավիթ»-ը կոմիքսով ներկայացնել:
Նախագծի հեղինակները սկսել են մտածել այդ մասին և շուրջ երկու տարի աշխատելուց հետո կարողացել են իրագործել այդ գաղափարը:
«Հովհաննես Թումանյանին սրբության պես վերաբերվելով՝ կարծես վախ ու պատասխանատվություն կար տեքստի մշակման վերաբերյալ: Սկզբում նախատեսել էինք նկարազարդուներով գիրք ստեղծել, սակայն թումանյանագետ Անի Եղիազարյանը մեզ ոգևորեց՝ ասելով, որ Թումանյանի «Սասունցի Դավիթ»-ը հարուստ է երկխոսություններով, իսկ Թումանյանն ինքը բազմաթիվ մշակումներ է արել և կողմ է եղել նորարարությունների, ուստի որոշեցինք իրականացնել այս գաղափարը»,-նշեց Գոհար Գասպարյանը:
Նրանց նպատակն է նոր սերնդին նոր ձևաչափով մատուցել ազգային արժեքները, ավանդույթներն ու սովորույթները:
Անի Եղիազարյանը, որը մշակել է պատկերապատման գրքի տեքստը, հիշեցնում է, որ «Սասունցի Դավիթ»-ը մշակելիս Հովհաննես Թումանյանը կարևոր նպատակներ է ունեցել: «Ժողովրդական նյութը բարձր էլիտայի ընթերցանության նյութ չէր, բայց այն կարևոր ազգային հաղորդագրությունները, որ կրում է ժողովրդական նյութը՝ առավելապես էպոսը, Թումանյանը նպատակ ուներ մատուցել եկող սերնդին: Նա հատուկ մշակեց էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը, քանի որ ազգային արժանապատվության և հայրենասիրական ոգու ամբողջ խտացումը հենց Դավթի կերպարի մեջ է: Թումանյանի մշակումն առաջին քայլն էր իր մեծ ծրագրի, քանի որ նա նպատակ ուներ այն մեծահասակների համար ավելի հիմքային մշակել, բայց այն, ինչ արել է, արել է կատարյալ»,-շեշտեց թումանյանագետը:
Պատկերապատման գրքում հորինված տեքստային հատված չկա: Առանցքում թումանյանական տեքստն է՝ համադրված բազում պատումներից հատվածներով, որոնք ամբողջանում են Թումանյանի տեքստի հետ:
Նկարիչը բազմաթիվ պատկերապատումների հեղինակ Տիգրան Մանգասարյանն է: Նա ձգտել է մինչև 18 տարեկան Դավթին պատկերել: Երբ ուսումնասիրել են մինչ այժմ նկարված Սասունցի Դավթին, տեսել են, որ մինչև քառասուն տարեկան Դավթի պատկերներ կան:
«Երբ ուզում ես հուժկու հերոսի նկարել, որը պետք է հաղթի Մսրա Մելիքին, դժվար է 18 տարեկան տղայի պատկերով դա անել, համոզելը բարդ է, ուստի շատ ենք չարչարվել: Առնվազն հարյուր էսքիզ է արվել՝ Դավթի դեմքը գտնելու համար: Դա տևել է երկու ամիս, քանի որ պետք էր նկարել տասնութ տարեկան Դավթի, որին նկարագրել է Հովհաննես Թումանյանը»,-պատմեց նկարիչը:
Նախագծի հեղինակները նախատեսում են պատկերապատում ստեղծել՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցին, հայ գրերի գյուտին, ինչի շնորհիվ, ինչպես իրենք են փաստում, հայը հայ է մնացել:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի