Հասարակական

Սուրբ նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ լինել նախանձախնդիր հայոց անկախ պետականության զորացմանը. Գարեգին Բ

2 րոպեի ընթերցում

Սուրբ նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝  լինել նախանձախնդիր հայոց անկախ պետականության զորացմանը. Գարեգին Բ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,

Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից և Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում։

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։

Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով, չարի ու չարիքի դեմ պայքարի վճռականությամբ և նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները, առկա բարդ իրադրությունից ջանքերի մեկտեղումով ելքի ուղիներ գտնի և կերտի իր հաղթական ապագան։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս նվիրական օրը միասիրտ աղոթքով հայցենք մեր սուրբ նահատակների բարեխոսությունը, որ հարուցյալ Քրիստոսի շնորհների և օրհնության ներքո խաղաղ, անվտանգ ու բարօր լինեն մեր հայրենիքն ու ազգը, և մենք հավատով ու հույսով հաստատենք մեր ընթացքը ապահովության ու առաջընթացի շավիղներում:

Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում