Միջազգային

Իրանում հայտարարել են Իսրայելի դեմ պատասխան գործողությունների ավարտի մասին, Իսրայելը բացել է օդային տարածքը

2 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են Իսրայելի դեմ պատասխան գործողությունների ավարտի մասին, Իսրայելը բացել է օդային տարածքը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Իրանն ավարտել է իր պատասխան հարվածները Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական Press TV հեռուստաալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ` Բաղերին նախազգուշացրել է ավելի ուժեղ արձագանքելու մասին, եթե Իսրայելը փորձի պատասխանել։ «Մեր տեսանկյունից գործողությունն ավարտվել է, սակայն զինված ուժերը պատրաստ են, և անհրաժեշտության դեպքում մենք կգործենք», - ասել է Բաղերին։

Նրա հայտարարությունը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային և անօդաչու սարքերի լայնածավալ հարվածներ է հասցրել Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներին՝ ի պատասխան ապրիլի սկզբին Սիրիայում իրանական դիվանագիտական ​​շենքերի վրա Իսրայելի հարվածների:

Իսրայելի իշխանություններն էլ հայտնել են, որ բացել են երկրի օդային տարածքը, որը փակվել էր Իրանի կողմից հարձակման սպառնալիքի պատճառով։ «Անվտանգության ծառայությունների ցուցումների համաձայն՝ առավոտյան ժամը 07:30-ի դրությամբ Իսրայելի օդային տարածքը բաց է եղել, Բեն Գուրիոն օդանավակայանը վերսկսել է աշխատանքը»,- ասված է Իսրայելի օդանավակայանների վարչության տարածած հաղորդագրության մեջ , որի տեքստը մեջբերում է Ynet պորտալը։

Գերատեսչությունում նշել են, որ Բեն Գուրիոն օդանավակայանի չվացուցակը փոփոխությունների է ենթարկվելու։ Ուղևորներին խնդրել են ստուգել ավիաընկերությունների և օդանավակայանների կայքերը՝ թռիչքների վերջին տեղեկատվության համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում