Սյունիքի մարզի զարգացման նպատակով Սիսիանում ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա է բացվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում բացել է Co-creation lab ստեղծարար տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիա, որի նպատակն է ընդլայնել մարզի երիտասարդների ներուժը՝ տրամադրելով հարթակ, որտեղ նրանք կարող են ձեռք բերել նոր հմտություններ և ստեղծել թվային արտադրանք՝ նպաստելով Սյունիքի մարզի զարգացմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն բացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։

Լաբորատորիայի շնորհիվ մարզում երիտասարդները հնարավորություն կունենան աշխատել թվային արվեստի, անիմացիայի, մուլտիմեդիա նախագծերի ոլորտներում, ինչպես նաև մասնակցել տարաբնույթ տեխնոլոգիական հաքաթոնների, սեմինարների և աշխատաժողովների։

ՁԻՀ-ի կողմից առաջին անգամ ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա է հիմնադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։

Հայերեն