Միջազգային

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արգելել են ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը Ռուսաստանից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արգելել են ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի կառավարությունները փոխադարձ համաձայնությամբ արգելել են ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը Ռուսաստանից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

Գործակալությունը ներկայացնելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունը՝ հայտնում է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան փոխհամաձայնությամբ սահմանել են միջոցառումների երկու շարք, որոնք ուղղված են ալյումինի, պղնձի և նիկելի արտահանումից Ռուսաստանի եկամուտների կրճատմանը։

«Դրանք նաև սահմանափակում են Ռուսաստանից ալյումինի, պղնձի և նիկելի օգտագործումը մետաղների համաշխարհային բորսաներում և ածանցյալ գործիքների առևտրում»,- նշված է ԱՄՆ ֆիննախի հաղորդագրությունում։

Ամերիկյան նախարարությունը մանրամասնել է, որ Վաշինգտոնի և Լոնդոնի նախաձեռնության արդյունքում մետաղների այնպիսի բորսաների, ինչպիսիք են London Metal Exchange-ը (LME) և Chicago Mercantile Exchange-ը (CME), կարգելվի ալյումինի, պղնձի և նիկելի նոր խմբաքանակներ ընդունել Ռուսաստանից։

Սահմանափակումները կկիրառվեն 2024 թվականի ապրիլի 13-ից հետո արտադրված մետաղների նկատմամբ։ Միաժամանակ, նախարարությունը նշում է, որ որոշ դեպքերում բացառության կարգով կարող է թույլատրվել ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն արդեն հաստատել է, որ մասնակցում է այս նախաձեռնությանը։

«London Metal Exchange (LME) և Chicago Mercantile Exchange (CME) բորսաներն այլևս չեն իրականացնելու Ռուսաստանում արտադրված ալյումինի, պղնձի և նիկելի նոր խմբաքանակների առևտուր»,- նշված է բրիտանական կողմի հաղորդագրությունում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում