Տարածաշրջանի անվտանգությունը եւ պաշտպանական կարողությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն են․ Ալեն Սիմոնյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Ելույթը սկսելուց առաջ ՀՀ ԱԺ նախագահը դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը բազմաթիվ կյանքեր է խլել: Նա ցավակցել է զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Իր ելույթում Ալեն Սիմոնյանն ասել է․

«Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնեւում հինգ տարվա ընդմիջումից հետո եւ հուսով եմ, որ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում քննարկված հարցերը կնպաստեն խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը, որոնց ձգտում է կազմակերպությունը: Ցանկանում եմ նաեւ իմ շնորհավորանքներն ուղղել տիկին Տուլիա Էքսոնին՝ Միջխորհրդարանական միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել իր առաքելության մեջ:

Խորհրդարանական դիվանագիտությունը միջազգային հարաբերություններում դարձել է ուժ: Այն պետությունների միջեւ ավելի ամուր հարաբերություններ է խթանում միջխորհրդարանական երկխոսության, մտքերի փոխանակման եւ համագործակցության միջոցով: Այդօրինակ ջանքերը նպաստում են երկրների միջեւ վստահության, փոխըմբռնման եւ համագործակցության ձեւավորմանը:

Վերջերս շատ է խոսվում «փափուկ» ուժի մասին: Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ խորհրդարանական պատվիրակությունները եւ մտքերի փոխանակումը նպաստում են հանրային դիվանագիտության ջանքերին՝ ամրապնդելով երկրի «փափուկ» ուժը: Օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելով՝ խորհրդարանականները կարող են ձեւավորել հասարակական կարծիք արտերկրում, ստեղծել ցանցային համագործակցություն եւ արտերկրում իրենց երկրի համար դրական կերպար կերտել:

Հայաստանի Ազգային ժողովը, իմ ղեկավարությամբ, կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը: Հայ պատգամավորները ներգրավված են տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում, համագործակցում են իրենց գործընկերների հետ՝ ամուր կապեր ստեղծելու եւ փոխըմբռնումը խթանելու նպատակով:

Մենք՝ պատգամավորներս, անում ենք հնարավորը՝ խաղաղ գործընթացին նպաստելու համար: Տարածաշրջանի անվտանգությունը եւ պաշտպանական կարողությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն են: Մեր երկիրը ձգտում է վերականգնել տարածաշրջանային տարանցիկ ճանապարհներն ու ենթակառուցվածքները: Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարծում ենք, կաշխուժացնի տնտեսական կապերը տարածաշրջանում եւ դրական ազդեցություն կունենա անվտանգային ընդհանուր իրավիճակի վրա:

Որպես խորհրդարանական դիվանագիտության վառ օրինակ՝ կցանկանայի նշել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար պարոն Մարտին Չունգոնգի՝ վերջերս Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերը, որոնց նպատակն էր հասկանալ իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իր այցից հետո գլխավոր քարտուղարն առաջարկեց կազմակերպել եռակողմ հանդիպում իր, իմ եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջեւ: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 22-ին այստեղ՝ Ժնեւում:

Գործընկերնե՛ր,

Հնարավոր է՝ տեղյակ չեք, որ 2024 թվականի սեպտեմբերի 12-14-ը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղի կունենա Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ երիտասարդ պատգամավորներին հրավիրել մասնակցելու համաժողովին: Այն նրանց հնարավորություն կտա անձամբ ծանոթանալ եւ տեղեկանալ մեր գեղեցիկ երկրի մասին ու խորացնել իրենց միջեւ հաստատված կապերը՝ խորհրդարանական դիվանագիտության իրական ոգով:

Շնորհակալություն»:

Հայերեն

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին