Հասարակական

Չարենցավանի մոտ բախված ավտոմեքենաներից մեկը շրջվել է, իսկ մյուսը գլորվել է ձորը. տուժել է 7 մարդ

2 րոպեի ընթերցում

Չարենցավանի մոտ բախված ավտոմեքենաներից մեկը շրջվել է, իսկ մյուսը գլորվել է ձորը. տուժել է 7 մարդ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 16-ին, ժամը 21:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 40 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել 3 տուժածի (մյուս 3-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Նշվում է, որ տուժածները՝ Վ․ Հ․-ն (ծնված 1986 թ.), Ս․ Հ․-ն (ծնված 1958 թ.), Գ․ Ղ․-ն (ծնված 1994 թ.), Ն․ Մ․-ն (ծնված 1955 թ.), Վ․ Դ․-ն (ծնված 1979 թ.), Ս․ Մ․-ն (ծնված 2000 թ.) և Գ․ Խ․-ն (ծնված 1992 թ.), հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ: Բժիշկները Վ․ Հ․-ի և Գ․ Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում