Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա առթիվ ընդունեց ուսման մեջ աչքի ընկած դպրոցականներին
3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-րդ տարեդարձի և գիրք նվիրելու օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր աշխատասենյակում ընդունել է 2023-2024 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային փուլում մարզի տարբեր հանրակրթական դպրոցներից մասնակցություն ցուցաբերած և առավելագույն ցուցանիշ ապահոված, ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված հանրապետական տարբեր փառատոներում և միջազգային կրթական տարբեր ծրագրերում հաղթող ճանաչված 10 դպրոցականների։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորել է ներկաներին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան և այդ առիթով մեր հանրապետությունում նշվող տոնի՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ։
Իր խոսքում մարզպետն անդրադարձել է տոնի խորհրդին` կարևորելով գրքի և գրականության հանդեպ ցուցաբերվող ուշադրությունն ու նվիրումը, ինչի շնորհիվ է միայն հնարավոր ունենալ խելացի ու բանիմաց սերունդ, հզոր ու զարգացող երկիր։
Օրվա առթիվ ներկաներին շնորհավորել և շնորհավորանքներ են ստացել նաև ՀՀ Գրողների միության ներկայացուցիչները, հանդիպման մյուս մասնակիցները։
Գեղարքունիքի մարզի ղեկավարի և դպրոցականների միջև ծավալվել է անմիջական զրույց, որի ընթացքում դպրոցականներն իրենց երախտագիտությունն են հայտնել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ նման նախաձեռնություն ցուցաբերելու համար, խոսել իրենց հաջողությունների, ձգտումների և նախասիրությունների մասին։
Մարզպետ Կարեն Սարգսյանը գրքեր է նվիրել հանդիպման մասնակիցներին և բարին մաղթեց նրանց՝ ուսումնառության և կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկայացրել է պետական աջակցությամբ մինչև 2026 թվականը Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրում իրականացվելիք դպրոցաշինական ծրագրերի մասին, որոնց մի մասն արդեն մեկնարկային փուլում է։
Խոսրով Խլղաթյան