Քաղաքականություն

Վարչապետն արդյունավետ է գնահատել Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցությունը

2 րոպեի ընթերցում

Վարչապետն արդյունավետ է գնահատել Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր և արդյունավետ է համարել Մյունխենում կայացած անվտանգության համաժողովին մասնակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Առաջին հերթին իմ արձանագրումն այն է, որ եվրոպական համայնքում Հայաստանի Հանրապետության ընկալումները փոխվում են դրականորեն, և Հայաստանի Հանրապետությանը սկսել են ավելի ու ավելի շատ ընկալել որպես ժողովրդավարական երկիր, որը հավատարիմ է ժողովրդավարական բարեփոխումներին, օրակարգին: Մենք տեսնում ենք, որ և՛ Եվրամիության կողմից, և՛ մեր կողմից էլ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ցանկություն և պատրաստակամություն կա»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ քննարկումներ են եղել նաև էներգետիկ ոլորտին առնչվող նոր տեխնոլոգիաների ու հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ հաջողվել է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել:

Վարչապետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծման շուրջ քննարկումներ են եղել Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավարի ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ: Բացի այդ, երկկողմ հանդիպումներ են կայացել ԱՄՆ պետքարտուղարի, Գերմանիայի կանցլերի, Իրաքի վարչապետի, ինչպես նաև Լիխտենշտեյնի իշխանի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում