Ռազմական ոստիկանության պետ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր
1 րոպեի ընթերցում
![Ռազմական ոստիկանության պետ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/02/1129997.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, գեներալ-մայոր Զաքարյանը մարտական հերթապահության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների պարգևատրել է պատվոգրերով և մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն պատասխանատու առաքելությունն իրականացնելիս։
Ըստ աղբյուրի՝ շրջայցի ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանության պետը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել խորհրդակցություններ, տվել համապատասխան հանձնարարականներ` ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, մարտական դիրքեր այցերն առավել ակտիվացնելու, նաև այնտեղ գիշերելու համար, ինչը կնպաստի ոչ կանոնադրային փոխհարաբերությունների, ծանր և առանձնապես ծանր դեպքերի կանխարգելմանը։