Մշակույթ

Ցուցահանդեսի բացում, հոբելյանական համերգ. Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի միջոցառումները շարունակվում են

7 րոպեի ընթերցում

Ցուցահանդեսի բացում, հոբելյանական համերգ. Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի միջոցառումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը փետրվարի 3-ին սովորականից մարդաշատ էր՝ մշակութային ոգով լցված. հասուն և փոքրիկ երկրպագուներին իր շուրջ էր համախմբել կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, որի 85-ամյակի առթիվ բացվեց մաեստրոյին նվիրված ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանական ցուցադրության մեջ ներկայացվում են Մանսուրյանի կյանքն ու գործունեությունը ոչ միայն հեղինակային տեքստերի, այլև նկարազարդումների տեսքով, ոգի ստանում կոմպոզիտորի մեղեդիների ներքո:

«Մետրո են մտնում մշակույթը, գեղեցիկը, ազգային գիտակցության լավագույն էջերը, որ որևէ մեկին չեն պարտադրում իրենց ներկայությունը, բայց նաև ուղեկցում են մարդուն գործի գնալուց, տուն գնալուց, հոգսերի մեջ, հոգսերից դուրս: Լավ է, որ գեղեցիկը կա կողքիդ»,-ասաց մաեստրոն:

Ցուցադրության կազմակերպիչների հետ կայարանում շրջելուց հետո Մանսուրյանը խոստովանեց՝ հիշեց իր մանկությունը, Արթիկ քաղաքը:

«Ես Բեյրութում եմ ծնվել: 1947-ին եկանք և հաստատվեցինք Արթիկում. այդ տարիները սիրով եմ հիշում․ Արթիկը, մեր տունը, մեր ընտանիքը»,-ասաց նա:

Կոմպոզիտորը կարծում է՝ փոթորկոտ շրջանում ենք և տարուբերումներին չտրվելու համար պետք է հողի, երկրի, հայոց լեզվի, սրբությունների զավակը մնալ, ինչը թույլ չի տա հեշտ տրվել քամուն, ունայնությանը:

Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում շատ սպասված է հոբելյանական համերգը, որը «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ կայանալու է փետրվարի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյին կոմպոզիտորի ակադեմիական գործերը կատարելու են Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Տիրամայր Հայաստանի երգչախումբն ու սիրված մենակատարներ:

Համերգը ղեկավարելու է դիրիժոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը:

«Համերգային ծրագիրը խորագիր ունի՝ «Լեզու և երաժշտություն»: Բոլոր գործերը երգվող են. մի մասը երգչախումբ, մյուս մասը՝ մեներգիչ: Հիմնականում հայ բանաստեղծներն են, մեր դասականները՝ Բաղդասար Դպիր, Իսահակյան, Չարենց, Տերյան, նաև մեզանում քիչ երաժշտության տրվող այն բանահյուսությունը, որ ժառանգել ենք և որը մեծ հարստություն է․ խոսքը ոչ թե գրական հեղինակային գործերի մասին է, այլ ժողովրդական ծագում ունեցող գործերի, որտեղ բարբառներն այնքան կենդանի, այնքան վառ գույներով են ներկայացնում ժամանակաշրջանն ու նրա սովորույթները»,-ընդգծեց Մանսուրյանն ու մանրամասնեց՝ երեկոյին հնչելու են «Զուգահեռ երգեր», «Քավարան», «Տարվա եղանակներ» ստեղծագործությունները:

Անդրադառնալով Ռոբերտ Մլքեյանի հետ համագործակցությանը, որը երկար տարիների պատմություն ունի՝ Մանսուրյանը նկատեց․ «Քանի որ հիշատակեցի լեզվի և երաժշտության, հայ պոեզիայի, հայ բանաստեղծության և երաժշտության կապի մասին, պետք է նշեմ, որ Մլքեյանի հետ մեր կապն այդ ուղղությամբ է ընթացել: Բոլոր այն համերգները, որ կապված են երգչախմբի հետ կամ երգչախումբ կամ մեներգիչ ծրագրով են, իմ լավ բարեկամ, շատ տաղանդավոր ու սիրված երաժիշտ Ռոբերտ Մլքեյանն է ղեկավարել»:

Ռոբերտ Մլքեյանի հավաստիացմամբ էլ իր և Մանսուրյանի համատեղ աշխատանքը ստացվում է, քանի որ պարտիտուրներից բացի ինքը փայլուն գիտի կոմպոզիտորի ամբողջ ստեղծագործական ուժը, եռանդը, նրա զգացողությունները:

«Շատ դժվար է առանց այդ ամենն իմանալու կայացնել այնպիսի հզոր ստեղծագործություններ, հանճարող գործեր, որ գրել է Տիգրան Մանսուրյանը: Մենք շատ երկար շփվում ենք կյանքի տարբեր դրվագներում և իրար շատ լավ գիտենք: Այն ամենը, ինչը շնչառության է վերածվում իմ ձեռքով, պետք է Մանսուրյանը նշի: Նա ասում է. «Ռոբերտ, շնչառությունները վերականգնեցիր բոլոր գործերին, որոնք այսօր կատարվում են»»:

Համերգային երեկոն կկայանա Տիգրան Մանսուրյանի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի շրջանակներում․ մրցույթ, որը հաջողություններ է գրանցում:

«Նախորդ տարի մրցույթին 13 երկրից 24 կոմպոզիտոր էր մասնակցել: Մեզ համար շատ կարևոր էր մրցույթն ամենամյա դարձնել և ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում ներկայացնել հայ մշակույթը, այն ավելի պահանջված դարձնել: Երկրորդ տարվա միջոցառումների մեկնարկը ցույց է տալիս, որ մենք բավականին մեծ առաջընթաց ունենք»,-շեշտեց «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը:

Օրեր առաջ մրցույթի կազմակերպիչների հետ Բուենոս Այրեսից կապ է հաստատել օտարազգի մի կոմպոզիտոր ու խնդրել Վահան Թեքեյանի բանաստեղծության հայերեն տեքստը մրցույթին մասնակցելու համար, ինչը վկայում է, որ մրցույթը ճիշտ ճանապարհի վրա է:

«Կոմպոզիտորների մրցույթներն այսօր առավել կարևոր են, քան տասը տարի առաջ, քանի որ կոմպոզիտորները ներկայանալու շատ ավելի քիչ հնարավորություններ ունեն: Երիտասարդ կամ ոչ մեծանուն ստեղծագործողներն ունկնդիրներին ներկայանալու հնարավորությանը դժվարությամբ են հասնում: Ըստ իս՝ մրցույթը շատ լավ հարթակ է դրա համար»,-հավաստիացրեց Մանսուրյանի անվան կոմպոզիտորական երկրորդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Դավիթ Հալաջյանը:

Ըստ նրա՝ մրցույթը հետաքրքրություն է առաջացնում Հայաստանի, հայ մշակույթի, հայ պոեզիայի ու երաժշտության նկատմամբ:

Մաեստրոյին անակնկալ մատուցելով՝ «Հայփոստ»-ը ներկայացրեց և նրան նվիրեց «Մեծանուն հայեր. Մանսուրյան միջազգային մրցույթ» թեմային նվիրված նամականիշը, որն արդեն թողարկվել և դրվել է շրջանառության մեջ:

«Կողբ»-ը խոստանում է՝ մաեստրոյի հոբելյանին նվիրված միջոցառումները շարունակական կլինեն:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մշակույթ

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Մշակույթ

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում