Մշակույթ

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց չեխական ամրոցներին և դղյակներին նվիրված ցուցահանդես

4 րոպեի ընթերցում

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց չեխական ամրոցներին և դղյակներին նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պատմության թանգարանում հունվարի 31-ին բացվեց «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը, պատգամավորներ, դեսպաններ, մշակութային գործիչներ և այլք։ Ցուցահանդեսը ներկայացնում է Չեխիայի պատմական երկու շրջանների`Բոհեմիայի և Մորավիայի ամենահետաքրքիր ամրոցներն ու դղյակները:

2024.01.31_19.11.49.56.JPG (925 KB)

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ այսօր ազդարարվեց Հայաստանի պատմության թանգարանի և Չեխիայի ազգային թանգարանի միջև կարևոր համագործակցության սկիզբը, որը նշանավորվեց ցուցահանդեսի բացումով։

2024.01.31_18.43.48.97.JPG (1.07 MB)

«Սա Չեխիայի ազգային թանգարանի բավականին լավ ճանապարհորդած, բայց առաջին անգամ Հայաստանում ներկայացվող չեխական ամրոցներին և դղյակներին նվիրված ցուցահանդեսն է, որով միաժամանակ սկիզբ է դրվելու երկու ազգային թանգարանների միջև համագործակցությանը։ Եվ այս առումով շնորհակալ ենք նմանատիպ բարձրաստիճան ներկայությամբ ազդարարելու համար ցուցահանդեսի բացումը, և երկու երկրների ազգային ժողովների նախագահների ներկայությունը շատ ու շատ կարևոր է մեկնարկի համար»,- ասաց Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում Չեխիայի դեսպանությանը և Չեխիայում Հայաստանի դեսպանությանը ցուցահանդեսը կազմակերպելու համար։

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը նշեց, որ Չեխիան ոչ միայն գարեջրերով է հայտնի, այլ նաև ունի ամենաշատ ամրոցները Եվրոպայում։

2024.01.31_18.46.43.29.JPG (820 KB)

«Ուրախ եմ, որ դուք հնարավորություն կունենաք տեսնել այդ ամրոցներից և դղյակներից մի քանիսը։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի պատմության թանգարանին և Չեխիայի ազգային թանգարանին ցուցահանդեսը կազմակերպելու համար»,- ավելացրեց Պիրունչիկը։

Չեխիայի ազգային թանգարանի ներկայացուցիչ Պետր Բրուհան ասաց, որ ցուցահանդեսում ներկայացված է 25 ամրոց և դղյակ։ Նրա խոսքով՝ ցուցադրության մեջ ընդգրկված վայրերի ընտրության չափանիշը եղել է դրանց պատմական նշանակությունը, ինչպես նաև ճարտարապետական, գեղարվեստական և պատմական արժեքը։

2024.01.31_19.08.48.21.JPG (698 KB)

«Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ցուցադրելու մեր ամրոցների և դղյակների մի փոքր մասը՝ Հայաստանի պատմության թանգարանի հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում։ Հուսով եմ, որ այս ցուցահանդեսը վերջինը չէ և հետագայում ևս կլինեն տարբեր համատեղ ծրագրեր։ Հուսով եմ, որ Պրահայում ևս կկազմակերպվի հայկական ցուցահանդես»- նշեց Չեխիայի ազգային թանգարանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ցուցահանդեսը ոչ միայն գեղագիտական փորձ և տեղեկատվություն կփոխանցի, այլև ամրոցների և դղյակների ավելի մանրամասն ուսումնասիրության պատճառ կդառնա, ինչպես նաև Չեխիա այցելելու հրավեր կլինի։

Ցուցահանդեսում ներկայացված են ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում արդեն ընդգրկված վայրերը (Պրահա, Չեսկի Կրումլով, Կուտնա Հորա, Լիտոմիշլ, Կռոմյեռժիժ, Լեդնիցե-Վալթիցե մշակութային լանդշաֆտ, Տելչ), այլ նաև մի շարք այլ կառույցներ, որոնք հավակնում են այդ ցանկում ընդգրկվելու (օրինակ` Կարլշտեյն, Կրժիվոկլատ, Յինդռյիխուվ Հռադեց): Այս ընտրանին ներառում է նաև տպավորիչ (օրինակ` Ռաբի) և ռոմանտիկ ավերակներ (օրինակ` Բեզդյեզ, Տրոսկի), ամրոցներ, որոնք վերածվել են դղյակ-նստավայրերի (օրինակ` Հլուբոկա նադ Վլտավոու, Վրանով նադ Դիյի) և ժամանակակից պալատներ` շրջապատված հոյակապ այգիներով (օրինակ` Վելտրուսի, Յեմնիշտյե, Բուխլովիցե, Լեդնիցե և այլն):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում