Հասարակական

Ձմեռային Հայաստանը արաբական երկրներից եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունների առանցքում է

3 րոպեի ընթերցում

Ձմեռային Հայաստանը արաբական երկրներից եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունների առանցքում է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այն երկրներից է, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն վայելելու տարվա չորս եղանակները՝ ըստ նախասիրության:

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների խոսքով՝ չնայած վերջին տարիներին ամբողջ աշխարհում առաջ եկած խնդիրներին՝ Հայաստանում հատկապես ձմեռային զբոսաշրջությունը տարեցտարի ավելի հետաքրքիր և գրավիչ է դառնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ կորոնավիրուսից հետո զբոսաշրջության ոլորտում, կարծես, ամեն ինչ նոր է սկսվում, քանի որ այն ամբողջ աշխարհում կանգ էր առել:

«Ոլորտը կորոնավիրուսից հետո քիչ-քիչ սկսեց վերականգնվել, և, ի վերջո, շատ լավ արդյունք ունեցանք՝ ընդհանուր այցելությունների քանակով գերազանցելով նաև 2019 թվականի ցուցանիշը »,-ասաց նա։

Մեխակ Ապրեսյանն, անդրադառնալով բացերին ու առկա խնդիրներին, նշեց, որ ձմեռային զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու նպատակով բոլոր քայլերը պետք է զուգահեռ իրականացվեն:

Ըստ նրա՝ ձմեռային զբոսաշրջության զարգացման նպատակով պետք է ենթակառուցվածքները բարելավելու և զարգացնելու ուղղությամբ աշխատանքներ տարվեն, որին զուգահեռ նաև պետք է Հայաստանը համաշխարհային շուկայում պատշաճ ներկայացնել. դա պետք է ոլորտի ներկայացուցիչների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը լինի:

Չնայած նրան, որ Հայաստանում ձմեռային տուրիզմը գնալով զարգանում է՝ Զբոսաշրջության կոմիտեից նշեցին, որ այդ ուղղությամբ իրականացնում են մի շարք մարքեթինգային քայլեր՝ հատկապես այն երկրների ուղղությամբ, որոնք նման ներուժ չունեն:

«Ներկայումս լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Արաբական Միացյալ Էմիրություններում՝ հատկապես Դուբայում, ձմեռային՝ որոշ չափով պասիվ սեզոնին այնտեղի զբոսաշրջիկների ուշադրությունը Հայաստանի վրա սևեռելու ուղղությամբ»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի խորհրդական Անահիտ Ոսկանյանը:

Տուրիստական ընկերությունից նշում են, որ վերջին տարիներին Հայաստանը գնալով իր դիրքը բարելավում է ձմեռային շրջանում առաջարկվող զբոսաշրջային հնարավորությունների համատեքստում:

«Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրողների ցանկում առաջատար դիրքում է Ռուսաստանը, բայց 2023 թվականի դեկտեմբերին վիճակագրությունը փոխվեց դեպի արաբական երկրների կողմ ՝ ԱՄԷ, Սաուդյան Արաբիա, Կատար և այլն: Այս փոփոխության պատճառներից մեկը ձյան առկայություն է, քանի որ այս երկրներից ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը առաջին անգամ է ձյուն տեսնում»,- նշեց One Way Tour ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Սաթենիկ Աբրահամյանը:

Տուրիստական ընկերությունները ևս մարզերում ձմեռային զբոսաշրջության զարգացման համար առաջնային տեղ են տալիս ենթակառուցվածքների զարգացումը:

Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում