Տարածաշրջանային

Վրաստանում տոնախմբությամբ կնշեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացումը․ երկիրը շնորհավորանքներ է ընդունում

2 րոպեի ընթերցում

Վրաստանում տոնախմբությամբ կնշեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացումը․ երկիրը շնորհավորանքներ է ընդունում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի քաղաքացիներին հրավիրել է՝ մասնակցելու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու առթիվ կազմակերպված տոնախմբություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին դեկտեմբերի 14-ի երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս իրադարձությունն անվանել է «պատմական»։

«Վաղը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ, որպեսզի միասին տոնենք մեր երկրի և մեր ժողովրդի այս պատմական հաղթանակը։ Վաղը պետք է լինի ընդհանուր, ազգային տոնի և ընդհանուր հաղթանակի օր», - ասել է Ղարիբաշվիլին։

Բրյուսելում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ երկրների ղեկավարները որոշում են կայացրել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել միությանն անդամակցելու շուրջ բանակցություններ, ինչպես նաև Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Վրաստանը շարունակում է շնորհավորանքներ ընդունել ԵՄ անդամակցության կարգավիճակ ստանալու կապակցությամբ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X սոցիալական հարթակում գրառման մեջ Եվրամիության ղեկավարների որոշումն անվանել է «պատմական քայլ դեպի ավելի ուժեղ Եվրոպական ընտանիք»։

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան նույնպես X սոցիալական հարթակում շնորհավորել է Վրաստանի ժողովրդին «երկրի և ԵՄ-ի համար այս պատմական օրվա առթիվ»։

Իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Եվրոպական խորհրդի դեկտեմբերի 14-ի որոշումը ԵՄ-ի ընդլայնման վերաբերյալ։

«ԱՄՆ-ն շարունակում է մեծապես աջակցել ԵՄ-ի ընդլայնման գործընթացին», - գրել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ընդունված որոշումն անվանելով «պատմական պահ Եվրոպայի և անդրատլանտյան գործընկերության համար»։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույնպես շնորհավորել է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարներին և երեք երկրների ժողովուրդներին Եվրամիության կայացրած որոշումների առնչությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում