Սպորտ

Նոել Միքայելյանը հնարավոր է համարում պրոֆեսիոնալ բռնցքամարտի հաջորդ հնարավոր մենամարտերից մեկը Հայաստանում անցկացնելը

2 րոպեի ընթերցում

Նոել Միքայելյանը հնարավոր է համարում պրոֆեսիոնալ բռնցքամարտի հաջորդ հնարավոր մենամարտերից մեկը Հայաստանում անցկացնելը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը հնարավոր է համարում պրոֆեսիոնալ բռնցքամարտի հաջորդ հնարավոր մենամարտերից մեկը Հայաստանում անցկացնելը:

«Աշխարհի չեմպիոնի համար մենամարտի կազմակերպումը շատ դժվար ստացվեց, քանի որ մինչ այս գոտին պատկանում էր Կոնգոն ներկայացնող բռնցքամարտիկին, իսկ ինքն էլ հասկանում էր, որ ես իր համար լուրջ մրցակից եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը:

WBC վարկածով աշխարհի չեմպիոնի խոսքով` ինքը դեռ նոր-նոր է սկսել գիտակցել, որ աշխարհի չեմպիոն է և դեռևս վաղ է համարում հետագա պլանների հստակեցումը, սակայն մեծ է հավանականությունը, որ 2024 թվականի առաջին ամիսներին գոտու պաշտպանության մենամարտ կլինի: Միքայելյանը մեծ պատիվ է համարում Վիկ Դարչինյանից հետո լինել երկրորդ հայը, ով նվաճել է բռնցքամարտի աշխարհի հեղինակավոր WBC վարկածով այդ գոտին:

«Հիմա արդեն քննարկում ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո անցկացնելու հարցը, որի համար ես շատ ուրախ կլինեմ: Հպարտություն կլիներ Հայաստանում պրոֆեսիոնալ ռինգում մենամարտելը»,-ասաց նա:

Նոել Միքայելյանը 4 տարեկանում ընտանիքով Հայաստանից տեղափոխվել է Գերմանիա և բռնցքամարտով սկսել է զբաղվել հենց այնտեղ: Այնուհետ պրոֆեսիոնալ մենամարտերին նախապատրաստվելու համար հաստատվել է ԱՄՆ-ում: Պրոֆեսիոնալ ռինգում Միքայելյանն անցկացրել է 29 մենամարտ, որոնց 27-ում հաղթանակ է տոնել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում