Հասարակական

Հայաստանն ու Վիետնամն ավելի մոտ․ «Արմենպրես»-ն ու VNA-ը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

11 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Վիետնամն ավելի մոտ․ «Արմենպրես»-ն ու VNA-ը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Վիետնամն ամրապնդում են համագործակցության շրջանակը՝ կառուցելով նաև լրատվական կամուրջներ․ «Արմենպրես»-ի և Վիետնամի լրատվական գործակալության միջև նոյեմբերի 14-ին ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։

Ստորագրման հանդիսավոր արարողությունը կազմակերպվեց վիրտուալ եղանակով․ Հանոյում VNA-ի գրասենյակում արարողությանը միացավ նաև Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը, ում գործուն ջանքերով էլ իրականացվել ու կյանքի է կոչվել համաձայնագրի մշակման ու ստորագրման աշխատանքը։

Փաստաթուղթը հնարավորություն կտա երկու գործակալություններին փոխանակել ողջ լրատվական արտադրանքը՝ տեքստային, լուսանկարչական, վիդեո։

Համաձայնագրի ստորագրման առթիվ «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը նշեց, որ բարձր է գնահատում միջազգային գործընկերությունն ու ամենայն պատասխանատվությամբ մոտենում ընթերցողների համար աշխարհն ավելի մոտ ու հասանելի դարձնելու առաքելությանը։ Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ «Արմենպրես»-ը հետևողականորեն ընդլայնում է միջազգային գործընկերների ցանկը։ Աշխարհի երկու տասնյակից ավելի երկրների՝ մոտ 30 լրատվական գործակալությունների հետ ստորագրած գործակցության փաստաթղթերի շարքն այսօր համալրվեց շատ կարևոր ու նշանակալի ևս մեկ համաձայնագրով։ «Արմենպրես»-ի գործընկերների աշխարհագրությունն ընդգրկում է գրեթե բոլոր աշխարհամասերը՝ Ամերիկայից Ասիա, Եվրոպայից Աֆրիկա:

Համագործակցության այս համաձայնագիրն առաջինն է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) երկրներից որևէ մեկի հետ։ «Արմենպրես»-ը նաև Ֆիլիպինների լրատվական գործակալության հետ համանման համաձայնագրի մշակման փուլում է՝ հույս ունենալով, որ այն ևս կբերվի ավարտուն տեսքի ու կստորագրվի առաջիկայում:

«Տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում, երբ ինֆորմացիան այլևս սահմաններ չի ճանաչում, այս համագործակցությունն ահռելի նշանակություն ունի: Ճշգրիտ, օպերատիվ և բազմակողմանի լուրերի հաղորդման մեր համատեղ հանձնառությունն, անկասկած, կամրապնդի Հայաստանի և Վիետնամի միջև կապերը: Այս համաձայնագրի միջոցով մենք հանձն ենք առնում բացահայտել հայ-վիետնամական համագործակցության ներուժը, ընդլայնել և խորացնել մշակութային կապերը, իրականացնել համատեղ ծրագրեր, նպաստել, որպեսզի երկու ժողովուրդներն ավելի սերտ առնչվեն միմյանց մշակույթին ու արժեքներին»,- ասաց Նազարյանը:

Նա տեղեկացրեց, որ «Արմենպրես»-ն այս տարի նշում է հիմնադրման 105 ամյակը, հետևաբար վստահելի և հուսալի լրատվամիջոցի կերտման հարյուրամյակի ավանդույթը գործակալությանը ստիպում է անդադար առաջ շարժվել՝ ժամանակի պահանջներին ու տեխնոլոգիական առաջընթացին համահունչ։ Պատահական չէ, որ «Արմենպրես» լրատվական գործակալության ժապավենը թարգմանվում է վեց օտար լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իսպաներեն։

«Հպարտ եմ պատմական այս պահն օգտագործելով հայտարարել, որ առաջիկա օրերին կգործարկվեն նաև գործակալության կայքի վրացերեն, չինարեն և պարսկերեն բաժինները։ Մենք գիտակցում ենք Հայաստանի ու աշխարհի միջև ամուր ու հուսալի լրատվական կապեր ստեղծելու մեր առաքելությունը և ձգտում բազմալեզու լրատվական ժապավենի միջոցով ավելի մեծ լսարանի ներկայացնել ինչպես մեր, այնպես էլ մեր գործընկերների լրատվական արտադրանքը»,- նշեց Նազարյանը։

Նրա համոզմամբ՝ լրատվությունը փոխճանաչման հզոր զենք է, հետևաբար հաղթահարելով աշխարհագրական հեռավորությունը՝ «Արմենպրես»-ը և Վիետնամի լրատվական գործակալությունը կներկայացնեն պատմություններ, որոնք կարտացոլեն մարդկության համընդհանուր արժեքները՝ խթանելով միասնության և փոխադարձ հարգանքի ոգին: Նազարյանը նաև շնորհակալություն հայտնեց երկու գործակալությունների աշխատակազմերին այս պատմական պահի մի մասնիկը լինելու և այն կյանքի կոչելու անխոնջ ներդրման համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի արդյունավետ, երկուստեք փոխանակումները՝ լուսավոր, իսկ լրատվության ու փոխճանաչման բաց ծովում համատեղ նավարկությունը՝ հեռուն գնացող:

Վիետնամի լրատվական գործակալության տնօրեն Վու Վիետ Չանգընշեց, որ համաձայնագրի համաձայն՝ երկու գործակալությունները պաշտոնապես կփոխանակեն տեղեկատվություն տարբեր ձևերով և կիրականացնեն համագործակցության այլ նախագծեր, որոնք համահունչ են յուրաքանչյուր կողմի կարիքներին և հնարավորություններին:

«Միասին մենք ավելի լավ կկատարենք մեր առաքելությունը՝ աշխարհին ներկայացնելով Վիետնամի և Հայաստանի ժողովուրդներին, լուսաբանելով երկու երկրների հանրության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունները, տարածաշրջանում և աշխարհում առկա խնդիրները: Այս համագործակցությունը կնպաստի մեր երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման հետագա ամրապնդմանը, համատեղ գործունեության խթանմանը և Վիետնամի ու Հայաստանի միջև երկարամյա բարեկամության ու բազմակողմ համագործակցության ամրապնդմանը: Մենք հասկանում ենք, որ «Արմենպրես»-ն ակտիվորեն զարգացնում է մուլտիմեդիա լրագրության արտադրանքները, ինչպիսիք են տեսանյութերը և փոդքասթները: Ուստի անհամբեր սպասում ենք «Արմենպրես»-ի հետ մասնագիտական ​​փորձի փոխանակմանը մեր պայմանավորվածության իրականացման միջոցով։ 1918-ից սկսած՝ իր երկարամյա ավանդույթներով «Արմենպրես»-ն անցել է զարգացման և կազմակերպչական վերակազմավորման տարբեր փուլեր, հետևաբար նրա փորձառությունը մեծապես օգտակար կլինի մեզ համար ընթացիկ թվային փոխակերպման շրջանում»,- ասաց Վու Վիետ Չանգը:

Նա համոզմունք հայտնեց, որ տեղեկատվական կամրջի միջոցով Վիետնամի լրատվական գործակալությունը և «Արմենպրես»-ը` որպես երկու երկրում հեղինակավոր լրատվական գործակալություններ, կօգնեն խորացնել Վիետնամի և Հայաստանի միջև համագործակցային հարաբերությունները առավել գործնական և արդյունավետ ձևով, ինչը համարժեք է երկու ազգերի ներուժին և զարգացմանը:

Վու Վիետ Չանգը նաև շնորհակալություն հայտնեց Վիետնամում ՀՀ դեսպանությանը՝ համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցելու համար։

Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանընշեց, որ Հայաստանի և Վիետնամի ժողովուրդներն այսուհետ կունենան ավելի լավ, արագ և որակյալ տեղեկատվություն փոխանակելու միմյանց երկրների մասին՝ նման հեղինակավոր և վստահելի աղբյուրներից։

«Հայաստանն ու Վիետնամը պատմական հարաբերություններ են ունեցել դեռևս միջնադարից։ Սակայն 20-րդ դարում մեր բարեկամությունն իրական դրսևորում ունեցավ, երբ հայ ժողովուրդն օգնեց վիետնամցիներին անկախության և Վիետնամի վերամիավորման համար մղվող պայքարում։ Նախագահ Հո Չի Մինի պատմական այցը Հայաստան 1959 թվականի հուլիսի 21-23-ը նոր դարաշրջան նշանավորեց մեր հարաբերություններում։ Բայց 1991 թվականին Հայաստանի անկախացմամբ և տասը տարի առաջ Հանոյում Հայաստանի դեսպանության բացմամբ նոր սկիզբ արձանագրվեց Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Անկեղծորեն ուրախ եմ, որ չորս տարի առաջ, 2019 թվականի հոկտեմբերի 31-ին, Վիետնամի լրատվական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Նգուեն Դուկ Լոյի հետ ունեցած հանդիպումը և պայմանավորվածությունը համագործակցության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ այսօր հաջողությամբ իրականացվել է։ Շնորհակալություն երկու կողմերին՝ այսօրվա արդյունքին հանգեցրած իրենց նվիրված աշխատանքի համար»,- ասաց Վիետնամում ՀՀ դեսպանը։

«Արմենպրես» լրատվական գործակալության կողմից ստորագրման արարողությանը մասնակցել են նաև գործակալության փոխտնօրեն Արաքս Կասյանը, փոխտնօրեն Վահրամ Եղիազարյանը, գլխավոր խմբագիր Շանթ Խլղաթյանը և տեխնիկական բաժնի ղեկավար Կարեն Ասատրյանը։

Վիետնամի լրատվական գործակալությունը (Vietnam News Agency (VNA)) Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության պետական գործակալությունն է, որը գործում է 1945 թվականից։ Այն երկրի առաջատար լրատվամիջոցն է, որը տեղական ու միջազգային լուրեր է հրապարակում վիետնամերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և ռուսերեն։ VNA-ն ստեղծում է շուրջ 60 մեդիա արտադրանք, այդ թվում և լուսանկարներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն, հրատարակում է օրաթերթեր, շաբաթաթերթեր ու ամսագրեր։ Գործակալությունն ունի 30 օտարերկրյա գրասենյակ։

«Արմենպրես»-ը, որի պատմությունը սկսվում է 1918 թվականից, Հայաստանի առաջատար լրատվական գործակալությունն է։ Այն օրական հրապարակում է շուրջ 400 լուր՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, թուրքերեն և իսպաներեն։ Գործակալությունն ունի Հայաստանի ամենահին ու ամենամեծ ֆոտոարխիվը, որում ներառված են շուրջ 1 մլն լուսանկարներ։ Դրանցից շատերը բացառիկ են և ունեն մեծ կարևորություն պատմության վավերագրման տեսանկյունից։

«Արմենպրես»-ը վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում է նաև տեսանյութերի արտադրմամբ ու պոդքաստային ծառայությունների մատուցմամբ։ Լատինական Ամերիկայից մինչև Եվրոպա, Աֆրիկայից մինչև Ասիա՝ «Արմենպրես»-ը վերջին տարիներին համագործակցության պայմանագրեր է կնքել ավելի քան 30 լրատվական գործակալության հետ։ Միջազգային սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս օտարերկրյա գործընկերների հետ իրականացնել համատեղ միջոցառումներ ու նախագծեր, փորձի փոխանակում և լրագրողների վերապատրաստումներ։ Այս համագործակցությունները հնարավորություն են տալիս լավագույնս ներկայացնել Հայաստանն ու մեր երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Մանվել Մարգարյան

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում