Ռուսաստանը Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համահունչ է համարում եռակողմ աշխատանքային խմբում քննարկվող ծրագրերին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում են համահունչ այն նախագծերին, որոնք վերջին տարիներին արդեն քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ։ Մեր խորին համոզմամբ՝ այդ գործընթացը կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ամբողջ Հարավային Կովկասի տարանցիկ-լոգիստիկ ներուժի կայունացմանն ու բացահայտմանը», - ասել է Զախարովան:

Պաշտոնյան հիշեցրել է, որ երեք երկրների ղեկավարները եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում էին կայացրել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց:

«Արդեն անցկացվել է այդ խմբի 12 նիստ, հսկայական աշխատանք է կատարվել՝ տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ներկա վիճակի գնահատման, երկաթուղային, ավտոմոբիլային հաղորդակցությունների օպտիմալ նախագծերի ընտրության մասով։ Հաջողվել է ընդհուպ մոտենալ փաթեթային լուծման, որը ձեռնտու է բոլոր կողմերին։ Ցավոք, այս հարցերում վերջակետ դնել դեռ չի հաջողվել։ Ոմանք պարզապես դա անելու քաղաքական կամք չունեն, և դա մենք չենք», - ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վերահաստատել է, որ Մոսկվան պատրաստակամ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների դրույթների հիման վրա, որոնցում «հստակ նշված է Ռուսաստանի Դաշնության դերը»։

Ինչ վերաբերում է լրագրողի հարցին՝ կապված Հայաստանի ԱԱԾ կառուցվածքում հաղորդակցությունների պաշտպանության հատուկ ստորաբաժանման ստեղծման մասին, Զախարովան շեշտել է, որ «նշված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը կոչված են իրականացնելու ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Մարիա Զախարովան հավելել է, որ Ռուսաստանն առաջնորդվել է նաև Հայաստանի ապաշրջափակման խնդրով, այդ թվում՝ նաև այն ժամանակ, երբ աջակցել է Երևանի և Անկարայի միջև երկխոսության վերսկսմանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։

Զախարովայի խոսքով՝ տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների փոխգործակցության համար Մոսկվան ևս մեկ լավ հարթակ է համարում 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը, որը վերջերս օգտագործվել է նախարարների հանդիպման համար։

«Ակնկալում ենք, որ 2024 թվականին Թուրքիայում հարթակի հաջորդ նիստի ընթացքում կքննարկվի նաև տրանսպորտային թեմատիկան։ Այս ձևաչափի շրջանակներում Երևանի կառուցողական առաջարկները, վստահ եմ, պահանջված կլինեն», - եզրափակել է Զախարովան։

Հայերեն Français Русский Türkçe

Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում

Դավիթ Խուդաթյանը հանդիպումներ է ունեցել Իրանի փոխնախագահի, էներգետիկայի և նավթի նախարարների հետ

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է

Արմավիրի մարզի Գայ գյուղում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրօգտագործման դեպք է արձանագրվել

Մոլդովան պատերազմի ավարտից հետո կմասնակցի Ուկրաինայի ականազերծման աշխատանքներին. Moldpres

Գևորգ Պապոյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ խորհրդակցությունների

ԱԺ նախագահն առաջարկել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքը քննարկել առանց քաղաքական շահարկումների

ՃՇՀԱՀ-ի և ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 18-ի միջոցառումների անոնս