Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ցուցադրություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պատմության թանգարանում նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ «Լճաշեն. ջրասույզ գանձարան» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրությունում առաջին անգամ ներկայացվել է Լճաշենի հուշարձանի հարուստ հավաքածուից մի մեծ հատված, որ հայտնաբերվել է 1956-1975 թվականին համանուն ամրոցում և դամբանադաշտի առաջին, երկրորդ և երրորդ տեղամասերում։

Բացման արարողությանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ տարիների ընթացքում Լճաշենի հնագիտական ժառանգությունն ավելի է արժևորվում։

«Թանգարանում այսօր հնարավորություն ունենք ներկայացնելու, իհարկե, ոչ ամբողջը Լճաշենից, բայց շատ հետաքրքիր մի հավաքածու, որը հատկապես վերաբերում է բրոնզեդարյան շերտերին և պատմում մեզանից արդեն դարերով բաժանված մի հետաքրքիր քաղաքակրթության զբաղմունքների, արհեստների և, որ ամենակարևորն է, փոխադրամիջոցների մասին»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսը նաև յուրօրինակ տուրք է պեղող հնագետներին, գիտնականներին՝ Հարություն Մնացականյանի գլխավորությամբ։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց բոլորին, այդ թվում՝ ինֆորմացիոն գործընկեր «Արմենպրես» լրատվական գործակալությանը, որոնք աջակցել են ցուցադրության կայացմանը։

Գործընկերներից ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը կարևորեց ունեցած ներուժի մեկտեղումը նման նախագծեր կյանքի կոչելու համար։

«Որպես հնագետ, որին շատ է հետաքրքրում Լճաշենը որպես հուշարձան, ասեմ, որ երբ այն հայտնաբերվեց, հենց առաջին օրից դարձավ ոչ միայն Հայաստանի կամ Խորհրդային Միության, այլ ընդհանրապես համաշխարհային հնագիտության մի կարևոր մասը։ Տարբեր արտասահմանյան հարթակներում տպագրվեցին բազմաթիվ աշխատանքներ, որոնք միանգամից Լճաշենը դարձրեցին համաշխարհային կարևորության հուշարձան»,-ընդգծեց Բոբոխյանը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիկ Վարդանյանը, անդրադառնալով ցուցահանդեսի առանձնահատկություններին, կարևորեց այն հանգամանքը, որ արդեն հայտնաբերված առարկաների տեսքով ներկայացվել են Լճաշենի ուշ բորնզեդարյան համայնքի կյանքը, կենցաղը, ծեսերը, արհեստները, արհեստագործական ձեռքբերումները, փայտամշակությունը, մետաղամշակությունը և այլն։

Ըստ նրա՝ ներկայացվել է ժամանակի աշխարհահամակարգի համատեքստում՝ ցուցադրելով ինչպես Հայաստանի, այնպես էլ առաջավորասիական համակարգի հետ առնչությունները։

«Այս ցուցահանդեսում առանցքային տեղ ունեն անվավոր փոխադրամիջոցները, որոնցից այստեղ ներկայացված է կառքի անիվը։ Ընդհանրապես կառքը Լճաշենի ֆենոմենն է, որովհետև այս ամբողջ 10 մեծ դամբարանաբլուրներից հայտնաբերվել է ավելի քան 21 անվավոր փոխադրամիջոց, որոնցից 2-ը ճաղավոր անիվներով կառքեր են։ Դա տարածաշրջանում բացառիկ պահպանվածությամբ և ներկայացվածությամբ օրինակ է, որը չունի իր զուգահեռները ժամանակաշրջանի այլ հուշարձաններում»,-ներկայացրեց թանգարանի գիտաշխատողը՝ տեղեկացնելով, որ ցուցադրությունը տևական ժամանակ բաց կլինի այցելուների համար։

Հայերեն Русский

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը