Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը չեն քննարկել Ռուբեն Վարդանյանի հարցը

2 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը չեն քննարկել Ռուբեն Վարդանյանի հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման ընթացքում չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ։ Առանձնազրույցի մի մասը բավական երկար է եղել, և ես չգիտեմ, թե ինչի մասին է այնտեղ խոսվել», - ասել է նա լրագրողներին ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ հարցը բարձրացվել է երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Հակարիի ապօրինի անցակետի մոտ՝ դեպի Հայաստան մեկնելու ճանապարհին։

Ադրբեջանի պետական​​անվտանգության ծառայությունը հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առաջադրված կեղծ մեղադրանքները:

Հրապարակման համաձայն՝ Ռուբեն Վարդանյանին շինծու մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցություն) և 318.1 (Օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջանի Հանրապետություն) հոդվածների հատկանիշներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում