Հասարակական

Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի տասը պահանջները

4 րոպեի ընթերցում

Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի տասը պահանջները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով նաև Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչն է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի գործով, դատարանում Հայաստանի միջանկյալ միջոցի դիմումի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան տվյալ գործի հետ կապված որոշման կայացումը․

1․ Ադրբեջանը պետք է չձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են առաջացնել միջազգային կոնվենցիայով իր պարտավորությունների խախտումներ։

2․ Ադրբեջանը չպետք կատարի գործողություններ, որոնց նպատակն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղահանել Լեռնային Ղարաբաղում մնացող հայազգի անձանց, կամ կանխել վերջին ռազմական հարձակումների ընթացքում տեղահանված անձանց արագ և ապահով վերադարձը իրենց տներ, այդ թվում՝ նրանց, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ երկրներ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը պետք է առանց խոչընդոտի թույլատրի նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ Լեռնային Ղարաբաղից։

3․ Ադրբեջանը պարտավոր է ռազմական և իրավապահ ողջ անձնակազմը հեռացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բոլոր բնակավայրերից, որոնք զբաղեցվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով։

4․ Ադրբեջանը պետք է օգնի և խոչընդոտ չառաջացնի, որպեսզի ՄԱԿ-ը և նրա մասնագիտացված կազմակերպությունները կարողանան աշխատել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ։ Ադրբեջանը չպետք է որևէ կերպ միջամտի նրանց գործունեությանը։

5․ Ադրբեջանը պետք է օգնի և որևէ կերպ չխոչընդոտի, որպեսզի «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն կարողանա օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Ադրբեջանը պարտավոր է համագործակցել «Կարմիր խաչի» հետ, որպեսզի հաղթահարվեն վերջին հակամարտության մյուս հետևանքները։

6․ Ադրբեջանը պարտավոր է անմիջապես ապահովել կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի մատակարարման լիարժեք վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և պետք է ապագայում դրանք չխաթարի։

7․ Ադրբեջանը պարտավոր է պատժիչ գործողություններ չձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ։

8․ Ադրբեջանը չպետք է ձևափոխի կամ ոչնչացնի որևէ հուշարձան՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին կամ որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային վայր, որ դեռ կա Լեռնային Ղարաբաղում։

9․ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել և օրինական համարել քաղաքացիական գրանցամատյանները, անձը հաստատող փաստաթղթերը, գույքի նկատմամբ իրավունքները և ռեգիստրները, որոնք ստեղծված են եղել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից։ Ադրբեջանը պարտավորված պետք է լինի չոչնչացնել և չբռնագրավել այդ մատյաններն ու փաստաթղթերը։

10․ Ադրբեջանը պարտավոր է ՄԱԿ-ի դատարանին հաշվետվություններ ներկայացնել այն բոլոր միջոցառումների վերաբերյալ, որոնք պետք է ձեռնարկի տվյալ կարգադրությունն իրագործելու ուղղությամբ, որոշման կայացումից մեկ ամսվա ընթացքում, որից հետո յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, մինչև որ դատարանն այս գործով կայացնի վերջնական որոշում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում