«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն Ադրբեջանին կոչ է անում վերջ տալ հայատյաց քաղաքականությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից տարվող պատմական կեղծ նարատիվների քարոզչության կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Միությունը հայտարարություն է տարածել։

««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի կողմից տարվող պատմական կեղծ նարրատիվների քարոզչության կապակցությամբ։ Այս գործելակերպը, ցավոք, բնորոշ է ադրբեջանական պետական մարմիններին՝ դրանց ստեղծման օրից ի վեր։ Ավելի քան մեկ հարյուրամյակ է, ինչ Ադրբեջանը փորձում է պատմության նենգափոխմամբ, կեղծմամբ, հարևան ժողովուրդների ստեղծած նյութական ու ոչ նյութական մշակութային ժառանգության յուրացմամբ ու խեղաթյուրմամբ իր տեղն ապահովել քաղաքակիրթ աշխարհում և քաղաքակրթական արժեքներ ստեղծած ժողովուրդների ցանկում։ Սեփական հանրության շրջանում պատմական ինքնահաստատման ծայրահեղ փորձերին վերջին տասնամյակներում գումարվել է նաև միջազգային հանրությանը մոլորեցնելու, անցյալի մասին խեղաթյուրված պատկերացումներ տարածելու և դրանք ի շահ ներկայիս խնդիրների ծառայեցնելու անընդունելի և դատապարտելի պրակտիկան։ Ադրբեջանի ազգայնական, ծավալապաշտական նկրտումներն առիթ են դարձել, որպեսզի համակարգային կերպով խեղի երկրամասի մի քանի հազարամյակի պատմությունը՝ հայերին ներկայացնելով որպես եկվոր տարր՝ զուրկ մշակութային ինքնակա հատկանիշներից, մարդկային և մարդասիրական նկարագրից։ Եվ այս ամենը կատարում է մի պետություն, որը վերջին հարյուրամյակում պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությանը առնվազն երեք անգամ ենթարկել է ջարդի ու տեղահանության, մի պետություն, որը հերոսացրել է հայ սպային կացնահարած մարդասպանին, որը 10 ամիս շարունակ 120 հազար հայերի ենթարկել է բռնի սովահարության, մի պետություն, որը բառացիորեն շաբաթներ առաջ պատճառ է դարձել 13 երեխաների սպանության։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերջ տալ հայատյաց էթնոքաղաքական միֆերի ստեղծմանը, որոնք միայն խոչընդոտում են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ձեռքբերմանը, պահանջում ենք խեղաթյուրելու փոխարեն արդարացիորեն առերեսվել պատմական իրականությանը և այդ հիմքով կառուցել սեփական հանրության գաղափարական դաստիարակությունը, որովհետև պատմության իմացության պարագայում ադրբեջանական իշխանությունները կիմանային, թե ինչով է ավարտվում ծայրահեղ ազգայնականությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայերեն

Երևանի Մուրացան փողոցում երիտասարդի սպանության և չորս անձի սպանության փորձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ուկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը

Կոշտան ներկայացրել է ԵՄ գագաթնաժողովի գլխավոր թեմաները

Հայաստանն ու Ռումինիան պայմանավորվել են ավելի սերտ քաղաքական երկխոսություն վարել. ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիրը

Ռումինիայի ռազմավարական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը, Ուկրաինան և Մոլդովան դառնան ԵՄ անդամ պետություններ. Նիկուշոր Դան

ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ

ՀՀ-ն կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը

Ռումինիան աջակցում է Հայաստանին ԵՄ- ի հետ երկխոսության բոլոր փուլերում. Նիկուշոր Դան

Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները

ԿԳՄՍՆ-ն ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ բարձրաձայնված խնդիրներին կանդրադառնա բողոքարկման փուլում