Քաղաքականություն

Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:

«Խստորենդատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։

Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, Ադրբեջանի իրավապահ մարմինները շարունակում են կամայական ձերբակալությունները:

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս, այդ թվում՝ սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից, բարձրաձայնել է այդպիսի գործողությունների բացառումը երաշխավորելու անհրաժեշտության մասին։ Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվողՀայաստանն ընդդեմ Ադրբեջանիգործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին Ադրբեջանից պահանջելով ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի ներկայիս կամ նախկին ղեկավարության կամ զինվորականների նկատմամբ պատժիչ գործողություններից։

Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերն ապօրինաբար ձերբակալված ԼՂ ներկայացուցիչների իրավունքները միջազգային, այդ թվում՝ դատական ատյաններում պաշտպանելու համար։

Նաև կոչ ենք անում միջազգային գործընկերներին հետամուտ լինել մինչ օրս Ադրբեջանին ուղղված բոլոր՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ իրենց ուղերձներին և խնդիրը հասցեագրել թե´ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների տիրույթում, թե´ տարբեր միջազգային ատյաններում»,- ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում