Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
1 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1121017.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիսի Մարագոսին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վասիլիսի Մարագոսին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
ՀՀ վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ուղղություններով, հատկապես մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու համատեքստում: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարության բարեփոխումների հագեցած օրակարգը հաջողությամբ կյանքի է կոչվում, այդ թվում` ԵՄ աջակցությամբ: Վարչապետն ընդգծել է ԵՄ-ի կողմից Հայաստանում 2,6 մլրդ դոլարի ներդրումային փաթեթով նախատեսվող ծրագրերին նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով ակնկալվում է նաև միջազգային օժանդակություն:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր հարցեր: