ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների տեղափոխումը մոտենում է ավարտին. Գորիս ժամանած վերջին ավտոբուսում 15-ն են եղել
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 514 անձ է ժամանել Հայաստան: Հակարիի կամուրջը հատել է 21 հազար 106 տրանսպորտային միջոց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նա նշեց, որ ժամը 20։00-ին նախորդող 4 ժամվա ընթացքում 24 անձ է տեղափոխվել։ «Րոպեներ առաջ Գորիս է ժամանել ավտոբուս՝ 15 ուղևորով: Յուրաքանչյուր զանգի հետևից մենք գնալու ենք, և եթե մարդիկ ուզում են տեղափոխվել Հայաստան՝ տեղափոխումը կազմակերպվելու է»,- շեշտեց Բաղդասարյանը և հավելեց. «Մարդկանց տեղափոխման գործընթացը մոտենում է իր տրամաբանական ավարտին: 100 հազար 514՝ այսպիսին է ցուցանիշն այս պահի դրությամբ, և նշեմ, որ նախորդ օրվա համեմատությամբ շատ չնչին տարբերություն ունենք: Տրանսպորտային միջոցները, որոնք հատել են Հակարիի կամուրջը, կազմում են 21 հազար 106»։
Նրա տվյալներով՝ հաշվառնվել է 85 հազար 975 քաղաքացի. 49 տոկոսը տղամարդիկ են, 51-ը` կանայք։ Ընդհանուր առմամբ, տեղափոխվել է 222 հղի, 2105 հաշմանդամություն ունեցող անձ։ Վիրավորների թիվը 283 է։
Պետության կողմից տրամադրվող կեցավայրերից, ժամը 20:00-ի դրությամբ, օգտվել է 48 հազար 649 մարդ. Արագածոտնի մարզում՝ 2305, Արարատի մարզում՝ 12 հազար 445, Արմավիրի մարզում՝ 4461, Գեղարքունիքի մարզում՝ 3996, Լոռու մարզում՝ 2686, Կոտայքի մարզում՝ 11 հազար 630, Շիրակի մարզում՝ 2275, Սյունիքի մարզում՝ 4592, Վայոց ձորի մարզում՝ 1937, Տավուշում՝ 2322 անձ:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: