Քաղաքականություն

Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

3 րոպեի ընթերցում

Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին

ԹԵՀՐԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հոկտեմբերի 1-ին Թեհրանում ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի-Աքբար Ահմադիանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ mehrnews.com-ը տեղեկացնում է, որ հանդիպմանը գեներալ Ահմադիանը մատնանշել է կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումները և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար յուրաքանչյուր կողմի ջանքերի անհրաժեշտությունը: «Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության և անկայունության ու սրում է ճգնաժամը»,- ընդգծել է նա:

Ըստ աղբյուրի՝ պարզաբանելով Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար և անփոփոխ քաղաքականությունը ՝ զարգացնելու իր հարևանների հետ համագործակցությունն ու փոխգործակցությունը և ստեղծելու մի տարածաշրջան, որը զերծ է ցանկացած տեսակի լարվածությունից և կոնֆլիկտներից, ԱԱԽ քարտուղարը հավելել է. «Տարածաշրջանի երկրների միջև թափանցիկ և կառուցողական երկխոսությունները հիմք են ստեղծում կայուն անվտանգության, հավասարակշռված զարգացման և բարգավաճման համար և տարածաշրջանի բնակիչների համար հարմարավետություն»։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անհրաժեշտ հիմք տրամադրել և հանդիպում անցկացնել տարածաշրջանի երկրների միջև»,- ասել է Ահմադիանը:

Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև տնտեսական փոխգործակցության և համագործակցության ակտիվացման, ինչպես նաև երկկողմ առևտրային փոխանակումների ավելացման անհրաժեշտությունը՝ նա հայտարարել է բոլոր ոլորտներում հարաբերությունների մակարդակը բարձրացնելու Իրանի պատրաստակամության մասին:

Նշվում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն իր հերթին մատնանշել է երկու երկրների միջև վաղեմի հարաբերությունները և հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների համակողմանի զարգացման Հայաստանի պատրաստակամության մասին:

Մատնանշելով Իսլամական Հանրապետության արդյունավետ դերակատարությունը կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ՝ Գրիգորյանը կոչ է արել շարունակել Իրանի դերակատարությունն այդ հարցում:

Նա նաև կարևորել է երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և արդյունաբերական նախագծերը և կարևորել դրանց շուտափույթ իրականացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում