ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունեն հստակ որոշումներ, որոնք անտեսվում են և անտեսվել են Ադրբեջանի կողմից, սակայն այդ որոշումներն ունեն բազմաշերտ ազդեցություն և դրանք պետք է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ցավոք, վերահսկողական մեխանիզմներն անկատար են միջազգային իրավական համակարգում։ Այդպիսին է համակարգը, դատարանների որոշումների կատարման վերահսկողությունը տարբեր մարմիններ են իրականացնում։ ՄԻԵԴ-ի դեպքում ԵԽ Նախարարների կոմիտեն է այն քաղաքական մարմինը, որ քննարկում է վճիռների կատարման հետ կապված հարցերը։
Արդարադատության միջազգային դատարանի դեպքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է վճիռների կատարմանը հետևող մարմինը, բայց, բնական է, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակները, դժվար է օրակարգ բերել հարց, քննարկել նմանատիպ հարցեր և ունենալ կոնսենսուս մեկ հարցի վերաբերյալ։ Այս անարդյունավետությունը կա։
Այնուամենայնիվ, իմ կարծիքը հետևյալն է. Միջազգային դատարանները չպետք է դիտարկել որպես լոկ ներպետական դատարանների ակտերի տրամաբանության մեջ, որովհետև դրանք տարբեր դատարաններ են և իրենց որոշումների ազդեցությունը բազմաշերտ է լինում։ Միջազգային դատարանների որոշումները ունենում են բազմաշերտ քաղաքական ազդեցություն, որովհետև դատարանների կողմից որոշումների կայացումը նշանակում է նաև որոշակի փաստերի և հանգամանքների ուսումնասիրություն։ Դրանց ուսումնասիրությունների արդյունքում հանգում են որոշակի եզրակացության, որոնց հիման վրա կայացվում են որոշումներ, որոնք պակաս կարևոր չեն արտաքին քաղաքական հարթակում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվող փաստարկների և հիմնավորումների համար»,- ընդգծեց Կիրակոսյանը։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսքով՝ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ՄԻԵԴ-ի կամ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները վերահաստատվել են, մեջբերվել են կամ հղում են կատարվել միջազգայինև օտարերկրյա քաղաքական տարբեր մարմինների կողմից։
«Օրինակ՝ Եվրոպական խորհրդարանի կողմից, եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից և շատ այլ մարմինների փաստաթղթերում, ակտերում վերահաստատվել են և ավելի ամրապնդել են նաև քաղաքական դիրքորոշումները»,- ավելացրեց Կիրակոսյանը։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը միջազգային դատարանների որոշումները անհրաժեշտ է համարում դիտարկել ավելի երկարաժամկետ կտրվածքով։
«Ցավոք, անմիջական էֆեկտներ չենք ունենում, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ ամենը թողնենք ու ոչինչ չանենք, հետևողականորեն չպայքարենք: Հակառակը՝ պետք է հետևողականությունը ավելացնենք, նաև տարբեր տեսակի իրավական միջոցներ պետք է համալրենք»,- եզրափակեց Կիրակոսյանը։