Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարության վերաբերյալ։
«Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա երազում էր միավորել մարդկությունը և կրթության միջոցով խաղաղություն բերել աշխարհին: Այն, ինչին նա բախվում է Ադրբեջանի իշխանություններից, դատավարության ծաղր է և որևէ արդարացում չունի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «X»-ի իր էջում գրել է Լևոն Արոնյանը։
Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։
Թե Ռուբեն Վարդանյանի, թե մյուս շինծու մեղադրյալների գործով դատական նիստն անցկացվել է հունվարի 17-ին։ Վարդանյանի նկատմամբ դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 27-ին, իսկ մյուս մեղադրյալաների նկատմամբ դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին։