Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից
2 րոպեի ընթերցում
Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հունվարի 17-ին կայացած հեռախոսազրույցից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի մանրամասները ներկայացված են Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր։
Կրեմլում նշել են, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Հաղորդագրության համաձայն՝ ի լրումն 2024 թվականի դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի՝ կողմերը քննարկել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման որոշ հրատապ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում։
«Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասված է հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ կողմերն արձանագրել են ԵԱՏՄ-ի շրջանակներում համատեղ աշխատանքից զգալի գործնական օգուտներն, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։