Եթե ՌԴ խաղաղապահները նախապես տեղեկացվել են ԼՂ-ի դեմ իրականացվող ռազմական գործողությունների մասին, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկել․ Խանդանյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմական գործողությամբ ցանկանում է ավարտին հասցնել էթնիկ զտման քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված արտահերթ քննարկմանն այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Այս գործողությունը նաև սադրանք է ընդդեմ միջազգային հանրության և մեր կողմից այն ընկալմանը, որ պետք է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը քննարկեն Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգային մեխանիզմի միջոցով։ Ադրբեջանը նաև հարձակվում է այս խոսույթի և այս օրակարգի վրա և ցանկանում է իր էթնիկ զտման քաղաքականությունը ավարտին հասցնել։ Սրա վկայությունն է այն, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներից հնչում են մտքեր, թե բնակչության համար կարող են մարդասիրական միջանցք բացվել, ինչը ակնհայտ է բոլորիս, որ ցեղասպանական գործողության տարրեր է պարունակում կամ այդպիսին է»,- ասաց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը չափազանց տարակուսելի է և անընդունելի է համարում այն, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում նշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցության մասին։

«Կարծում եմ, սա նպատակ ունի սլաքներն ուղղել Հայաստանի վրա և ագրեսիա նախապատրաստել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Եվ այս առնչությամբ ես կոչ կանեի մեր հանրությանը հանդարտություն պահպանել և չտրվել սադրանքներին, որովհետև երկրի ներսում ևս բազմաթիվ են սադրանքները, որոնք այս խոսույթին են ծառայում»,- ընդգծեց Խանդանյանը։

Խանդանյանը նաև տարակուսելի է համարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն պնդումը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղեկացվել է այս հարձակման մասին։

« Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում, ի թիվս այն հարցերի, որոնք մենք ունեինք ռուս գործընկերների և ռուս խաղաղապահ զորախմբի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո և անվտանգության երաշխավորը նրանք են, և եթե նրանք նախապես տեղեկացվել են, ապա ի՞նչ գործողություններ ձեռնարկել։ Այս հարցին հույս ունեմ, որ ռուս գործընկերները կտան պատասխան»,- նշեց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով՝ տարակուսանք է հարուցում նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը իր հայտարարության մեջ Հայաստանին և Ադրբեջանին է կոչ անում դադարեցնել լարվածությունը։

«Ո՞րն է Հայաստանի մասնակցությունը այստեղ։ Բոլորը գիտեն, որ Հայաստանը չունի ռազմական ներկայություն Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա»,- շեշտեց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը անհրաժեշտ է համարում խորհրդարանական մակարդակում ակտիվ աշխատանքը միջազգային գործընկերների հետ, տարբեր խորհրդարանական հարթակների պատգամավորների հետ, որպեսզի և իրազեկվածությունը բարձրանա, և Ադրբեջանի նկատմամբ ճնշումը բարձրանա, և ԼՂ-ի դեմ ագրեսիան դադարեցվի։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա