Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 3 տեղական և 2 միջազգային կազմակերպություն

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 3 տեղական և 2 միջազգային կազմակերպություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացնում 3 տեղական և 2 միջազգային կազմակերպություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը՝ ներկայացնելով դիտորդների և այցելուների մասին տեղեկատվություն։

«2023 թվականի սեպտեմբերի 17-ի Երևանի ավագանու հերթական ընտրություններին հավատարմագրվել են տեղական հասարակական կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս համատեղ դիտորդական առաքելությամբ։ Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։

Ինչ վերաբերվում է միջազգային կազմակերպություններին, որոնք Ընտրական օրենսգրքով ևս իրավունք ունեն իրականացնելու դիտորդական առաքելություն, ապա հավատարմագրվել են հետևյալ միջազգային կազմակերպությունները․ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, որը ժամանել է 14 դիտորդի կազմով և ամեն մեկն իր հերթին ներկայացնում է իր երկիրը, ինչպես նաև «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» կազմակերպությունը, որը ժամանել է 10 դիտորդի կազմով։

Հավելեմ, որ «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակ» կազմակերպությունն ինքն իր նախաձեռնությամբ է մեզ դիմել՝ որպես դիտորդ հանդես գալու հարցով։ Մենք ընդունել ենք առաջարկը, կարճ ժամանակահատվածում հավատարմագրել ենք, և այսօր նրանք իրականացնում են իրենց մշտադիտարկումը»,- ասաց Գրիգորյանը։

ԿԸՀ անդամը հայտնեց, որ բացի տեղական հասարակական և միջազգային կազմակերպություններից, 13 դիվանագիտական և հյուպատոսական առաքելություններ ունեն այցելուի կարգավիճակ, որոնք իրենց մշտադիտարկումն են իրականացնում Երևանի ավագանու ընտրություններում, իսկ այլ պետությունների ընտրական մարմիններից ընտրական գործընթացի դիտարկում է իրականացնում 43 անձ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում