Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ահազանգում է՝ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ահազանգում է՝ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Կառավարության նիստի ժամանակ ունեցած ելույթում։

«Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է։ Ասկերանով Լեռնային Ղարաբաղ մուտք գործած ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։ Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարներով, Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ, շարունակում են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությանը սպասել։ Բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն, գտնվում է մերձակա հատվածում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրություն շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին։

«Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքը և հետագա մատակարարումները Լեռնային Ղարաբաղ ապահովելու համար։ Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի, և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում ենք և քաջալերում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- ասաց Փաշինյանը։

Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի վատանում է։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներն ամբողջությամբ զրկված են սննդի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը որպես Լաչինի միջանցքը բացելու պայման է առաջադրում նաև Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի գործարկումը, որին դեմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի իշխանությունը՝ պնդելով, որ դա ոչ այլ ինչ է, քան Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հպատակեցնելու փորձ։ Այնուամենայնիվ, օրերս Աղդամի ճանապարհով Լեռնային Ղարաբաղ է մուտք գործել ռուսական հումանիտար օգնությամբ բեռնված մեկ բեռնատար։ Լեռնային Ղարաբաղում ռուսական հումանիտար օգնության մուտքը թույլատրել էին պայմանով, որ կբացվի նաև Լաչինի միջանցքը, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը փակ է պահում Լաչինի միջանցքը՝ պնդելով, որ Լաչինի միջանցքն ու Աղդամի ճանապարհը պետք է գործարկվեն միաժամանակ։ Արցախի բնակիչները շարունակում են փակ պահել Աղդամի ճանապարհը՝ մերժելով Ադրբեջանի Կարմիր մահիկի «հումանիտար օգնությունը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում