Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հայատյաց քաղաքականություն է վարել նաև կրթության ասպարեզում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ պատմության ֆակուլտետում պատրաստվում են Խորհրդային միության տարիներին Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայկական ուսումնական հաստատությունների նկատմամբ ցուցաբերված խտրական վերաբերմունքի մասին ծավալուն գիտահետազոտական, գիտապատմական աշխատություն գրել, որը հարուստ փաստագրական հիմքով միջազգային հանրությանը ցույց կտա Ադրբեջանի կողմից իրականացված հակահայկական քաղաքականության էությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դահլիճում անցկացված՝ «Բաքվի հայկական ուսումնական կենտրոնները» խորագրով քննարկման հիմնական զեկուցողն էր։

Մինասյանը նշեց, որ Ադրբեջանի հայությունը տասնամյակներ շարունակ կարևոր դերակատարություն է ունեցել Բաքվի կայացման գործում՝ մեծ ներդրում ունենալով հասարակական կյանքի տարբեր բնագավառներում, այդ թվում՝ գիտակրթական ոլորտում՝ չնայած բախվել է բազմաթիվ խոչընդոտների ու դժվարությունների։

Այսօրվա քննարկումը վերաբերում էր մասնավորապես Բաքվում և Արցախում հայերի կրթության կազմակերպման գործում Ադրբեջանի իշխանությունների խտրական քաղաքականությանը։ Հիմնական ուշադրությունը սևեռված էր այն հանգամանքին, թե ինչպես են ոտնահարվել տեղաբնակ հայերի իրավունքներն ադրբեջանական հակահայկական գործունեության արդյունքում։

Մինասյանի պնդմամբ՝ Բաքվում միշտ էլ պետական մակարդակով հակված չեն եղել բուհերում հայկական բաժիններ բացելուն՝ իրագործելով յուրատեսակ թուրքական ծրագիր, բայցևայնպես ստիպված եղան ԽՍՀՄ-ի կրթական համակարգի պայմաններում և ինտերնացիոնալիզմի գաղափարական քողի ներքո 1932 թվականին բացել հայկական բաժին տեղի մանկավարժական ինստիտուտում, որը գործեց մինչը 1974 թվականը, սակայն այդ բաժնում առարկաները դասավանդվում էին հիմնականում գաղափարախոսական թեզիսներ տարածելու համար։

«Ադրբեջանական ֆակուլտետներում և բաժիններում ընդունելությունն անհամեմատ մեծ էր, իսկ ամբիոններում ադրբեջանցի աշխատակիցները թվաքանակով ավելի շատ էին։ Հայերից շատ քիչ դասավանդողներ կային պրոֆեսորադասախոսական կազմում։ 1970-ական թվականներից հակահայկական քաղաքականությունն աստիճանաբար ընդլայնվեց, ինչի հետևանքով հայ ուսանողների քանակը կրճատվեց, քանի որ նրանք բախվում էին բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների։ Հայ մտավորականության բողոքի պատճառներից մեկն էլ այն էր, որ հատկապես ինքնավար կարգավիճակ ունեցող Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայերը գերակշռում էին, չկար գեթ մեկ բուհ՝ հայկական բաժնով և հայալեզու ուսուցմամբ»,- ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։

Նրա տեղեկացմամբ՝ հայ մտավորականները պարբերաբար իրենց դժգոհությունն արտահայտող նամակներն ուղարկում էին Մոսկվա՝ բողոքելով Ադրբեջանի խտրական մոտեցումների առթիվ։ Արդյունքում 1938 թվականին Ստեփանակերտում բացվեց երկամյա հայկական մանկավարժական ինստիտուտ, որը գործեց մինչև 1960-ական թվականները, երբ Լեռային Ղարաբաղում բացվեց Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղը։ Բայց այդտեղ էլ հետզհետե կրճատվեց ընդունելությունների քանակը, և մասնաճյուղը գործեց մինչև 1970-ական թվականների կեսերը։

Ակադեմիկոս Ծատուր Աղայանը, ով մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնի ղեկավարն է եղել, իր հուշերում նշում էր, որ ընդունելությունն այնպես էին կազմակերպում, որ հայկական բաժնում ավելի քիչ թվով դիմորդներ ընդունվեին։ Փաստորեն Ադրբեջանը հենց սկզբից խտրական քաղաքականություն է վարել հայկական էթնոսի նկատմամբ՝ սահմանափակելով հայերի կրթական իրավունքներն ու դրանով իսկ ձգտել է ապահովել Ադրբեջանի գերիշխանությունը նաև կրթության ոլորտում։ Ընդ որում՝ հայատյաց վերաբերմունք ցուցաբերվել է նույնիսկ Ադրբեջանի մայրաքաղաքում ժամանակին գործած հայկական միջնակարգ-մասնագիտական 10 դպրոցների նկատմամբ, որոնցում հայկական ծագում ունեցող աշակերտների քանակն աստիճանաբար կրճատվել է և սրությամբ դրվել նրանց ավելի շատ ադրբեջաներենով ուսուցանելու պահանջը։

«Հայերի նկատմամբ խտրականությունը դրսևորվել է նաև գիտահետազոտական աշխատանքներ կատարելիս և հատկապես պատմագիտական աշխատություններ գրելիս։ Դրա համար նախ անհրաժեշտ էր Բաքվի պրոֆեսորների թույլտվությունը, իսկ եթե որևէ մեկն ինքնուրույն փորձում էր աջակցել հայերին, բախվում էր լուրջ խնդիրների։ Օրինակ՝ նույն Ծատուր Աղայանը մի դեպք է վկայակոչել, երբ Անդրանիկ Օզանյանին նվիրված աշխատության գրախոսականը գրելու համար պրոֆեսոր Սմբատ Զադեն անմիջապես ազատվել է աշխատանքից։ Ադրբեջանական իշխանությունը մշտապես թույլ չի տվել, որպեսզի հայագիտական ձեռնարկներն ազատորեն ու մեծ տպաքանակով հրատարակվեն»,- ասաց Մինասյանը։

Մանվել Մարգարյան

Հայերեն