ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 21-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Մ․ Գ․) և «Volkswagen» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները։
Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Գ-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի՝ փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։