Քաղաքականություն

Երևանի և Բաքվի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կարող է նոր հակամարտությունների հանգեցնել․ ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Երևանի և Բաքվի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կարող է նոր հակամարտությունների հանգեցնել․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտգործնախարարությունում գտնում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ և ոչ պատշաճ կերպով պատրաստված խաղաղության պայմանագիր կնքելու փորձն ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։ ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը խոսել է կողմերի միջև խաղաղության պայմանագիր կնքելու առաջնահերթություններից։

«Հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին։ Ընդհակառակը, այն նախադրյալներ կստեղծի ապագայում նոր հակամարտությունների և ողբերգությունների համար: Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի լուծումների որակյալ նախապատրաստմանը», - ընդգծել է պաշտոնյան։

Գոնչարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում այն ​​մասին, որ Երևանը և Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։

Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը գտնում է, որ կողմերն իրենք պետք է որոշեն ստորագրման ժամկետները։

«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն կոնյուկտուրային նկատառումների, այլ նպաստել ամուր, երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Նրանք պետք է ապավինեն տեղում ստեղծված իրողություններին, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով արված ռուս-հայ-ադրբեջանական հայտարարություններն և դրանց հիման վրա գործող մեխանիզմներին», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում