Հայաստանյան մշակութային ոլորտը ավելի մոտ Եվրոպային. պաշտոնապես բացվեց «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան մշակութային ոլորտը ավելի մոտ է դառնում Եվրոպային. Երևանում պաշտոնապես բացվեց «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրասենյակը ստեղծվել է ՀՀ-ԵՄ համագործակցության և «Ստեղծագործ Եվրոպա» 2023-2027 թթ. ծրագրի շրջանակներում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Հայաստանում ծրագրի մեկնարկը, ընդգծեց, որ Եվրոմիության հետ համատեղ իրականցվող մի շարք ծրագրերին է միանում նոր՝ ավելի մեծ հարթակ, որը հնարավորություն է տալու, որ մշակույթի ոլորտում անհատ ստեղծագործողները և կառույցները կարողանան համագործակցություն ծավալել Եվրոպական միության իրենց գործընկերների հետ:
««Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը լինելու է մեր հիմնական գործակալը, այսինքն՝ այդ բոլոր ծրագրերը իրականացվելու են այս գրասենյակի կողմից: Մրցույթի արդյունքում՝ հանձնաժողովը, դիտարկելով բոլոր դիմումները, ծրագրի գրասենյակ ընտրել է «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» ՀԿ-ն, որտեղ լինելու են իրազեկման, խորհրդատվության, աջակցության ծրագրեր և ծառայություններ:

Գրասենյակը նպաստելու է, որպեսզի ոլորտի մասնագետները կարողանան իրենց գաղափարները կյանքի կոչել: Դրանք կարող են լինել համատեղ ներկայացումներ եվրոպական որևէ թատրոնի հետ և ամենատարբեր մշակութային ծրագրեր, որոնց գաղափարները, վստահ եմ, շատ են մեր արվեստի գործիչներ մոտ: Սա իրական հնարավորություն է դիմելու կոնկրետ ծրագրով, և այն իրականացնելու հնարավորություն ստանալ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը ընդգծեց՝ քանի որ ծրագրի նպատակներից մեկը մշակույթի ոլորտում բազմազանության և ներառականության խրախուսումն է, այդ իսկ պատճառով այստեղ չունեն որևէ սահմանափակումներ և ցանկացած տարիքի ստեղծագործող՝ արվեստի ցանկացած ոլորտից, կարող է այստեղ գտնել իր գաղափարները իրացնելու հնարավորություն:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի բացումը շատ կարևոր քայլ է համարում, քանի որ այն կդառնա հարթակ, որտեղ կհավաքվեն բոլոր մշակութային նախաձեռնությունները: «Այս հարթակում ոլորտի ներկայացուցիչները կկարողանան համագործակցել ստեղծագործ ինդուստրիայի ոլորտում և հնարավորություն կունենան կապեր հաստատել և համագործակցել Եվրոպայի ներկայացուցիչների հետ: Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մի մասն է, և այժմ էլ արդեն ունի պաշտոնական ներկայացուցչություն»,- նշեց Անդրեա Վիկտորինը:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը Եվրոպայի ամենախոշոր դրամաշնորհային ծրագրերից մեկն է, որի մուտքը Հայաստան վաղուց էր սպասվում: «Մրցույթի արդյունքում վստահությունը տրվեց «Երևանյան հեռանկարներ»-ին, որպեսզի մենք այստեղ ներկայացնենք ծրագրերը, ընդունենք հայտերը, օգնենք և խորհրդատվություն տրամադրենք բոլոր դիմորդներին: Հայաստանի մշակութային ոլորտի ցանկացած ընկերություն, հասարակական կազմակերպություն, անհատներ և արվեստագետներ կարող են իրենց ծրագրերը և գաղափարները ներկայացնել, բայց, իհարկե, դրա համար կան ձևաչափեր, որոնց մեր աշխատակազմը սիրով կծանոթացնի»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը: