Գիրք, որը նորովի կներկայացնի Արամ Խաչատրյան մտածողին. անգլերեն լույս է տեսել կոմպոզիտորի «Նամականի»-ն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի 120-ամյակի առթիվ կոմպոզիտորի տուն-թանգարանը, համագործակցելով տարբեր կառույցների հետ, լույս է ընծայել Արամ Խաչատրյանի «Նամականի» գրքի անգլերեն տարբերակը:

Ժողովածուն ընդգրկում է Գոհար Հարությունյանի, Մարգարիտ Հարությունյանի, Զառա Տեր-Ղազարյանի կազմած առաջին, երկրորդ և Մարգարիտ Ռուխկյանի, Ալինա Փահլևանյանի կազմած երրորդ ժողովածուների նամակները: Գիրքը համալրված է կոմպոզիտորի տուն-թանգարանում հավաքված նոր նամակներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հունիսի 12-ին «Ես եվրոպացի հայ եմ» թեմայով քննարկման ընթացքում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հիշեցրեց՝ գրքի հայերեն և ռուսերեն տարբերակներն ավելի վաղ են տպագրվել: Տեսնելով գրքի նկատմամբ հետաքրքրությունը, պահանջարկը՝ նախաձեռնել են անգլերեն տարբերակի հրատարակումը:

«Արամ Խաչատրյանին առաջին հերթին ճանաչում են որպես մեծ երաժշտի, սակայն շատերին է հետաքրքիր, թե նա ինչ ներաշխարհ ուներ: Ի՞նչը, եթե ոչ անկեղծ սրտով գրված նամակները կարող են բացահայտել մարդու ներաշխարհի նրբերանգները: Ինքը՝ կոմպոզիտորը, առանձնակի նշանակություն էր տալիս նամակներին և յուրօրինակ խորհուրդ էր տեսնում դրանց մեջ: Խաչատրյանը կարծում էր, որ մեծ արվեստագետների նամակագրությունը կարող է հետագայում ճանաչողական մեծ արժեք ունենալ: Ըստ նրա՝ նամակներում հնարավոր է արտահայտել այնպիսի մտքեր, որոնք չեն ասվի հանպատրաստից և առերես: Նամակները կարող են դառնալ նույնիսկ պատմական փաստաթղթեր: Խաչատրյանը քաջ գիտակցում էր, որ իրենից հետո կհրապարակվեն իր նամակներն ու կներկայացվեն հանրությանը»,-ընդգծեց Գրիգորյանը:

Ժողովածուում ընդգրկված նամակների մեծ մասը պահպանվում է տուն-թանգարանի հավաքածուում, իսկ մի մասը՝ արխիվներում, մի մասն էլ հասցեատերերի ընտանիքների սեփականությունն է: Գրիգորյանը հավելեց, որ գիրքը հրատարակելու ընթացքում նոր նամակներ են ստացել: Չի բացառում, որ մի քանի տարի անց տպագրեն գրքի համալրված տարբերակը:

Արմինե Գրիգորյանը հավաստիացրեց, որ նամակները նոր լույս են սփռում մեծ արվեստագետի կերպարի վրա և ընթերցվում մեծ հետաքրքրությամբ:

Գրքի հրատարակման գործում մեծ ներդրում է ունեցել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը, որի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսը հիշեցրեց՝ Խաչատրյանն ասել է, որ մնում է հայ, բայց եվրոպացի հայ, ոչ թե ասիացի:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը ևս ներկա էր միջոցառմանը: Նա շեշտեց, որ իրենց առաքելությունը մեծանուն կոմպոզիտորի գործունեության հանրահռչակումն է:

Այդ նպատակով 19-րդ անգամ Երևանում անցկացնում են Խաչատրյան միջազգային մրցույթը: «Այս տարի այն կազմակերպվել է դաշնամուր մասնագիտացմամբ, և վաղը հայտնի կդառնան դափնեկիրներն ու մրցանակակիրները: Հիմնադրամն իրականացնում է նաև Խաչատրյան միջազգային փառատոնը, որը տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ: Այն տեղի կունենա 2023 թվականի վերջին»,-նշեց Թովմասյանը:

Խաչատրյանի հոբելյանին նվիրված տարվա ընթացքում թե՛ կոմպոզիտորի տուն-թանգարանը, թե՛ այլ մշակութային կառույցներ հանդես կգան նրան նվիրված համերգային ծրագրերով, ցուցահանդեսներով և այլ նախաձեռնություններով:

Հայերեն

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացել

Հայաստանի և Կոսովոյի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Հայաստանի ԱԺ փոխնախագահն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Փարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Ֆիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին

Սև Օհանյանն ու Փամելա և Էդվարդ Ավետիսյանները կարժանանան ՔՈԱՖ-ի հատուկ մրցանակների. Նյու Յորքում կկայանա հիմնադրամի Գալա երեկոն

ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում