ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունն այդ երկրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հանրապետական սենատոր Ալեքս Պադիլլան և դեմոկրատական սենատոր Մարկո Ռուբիոն երկկուսակցական օրինագիծ են ներկայացրել, որով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու կոնտեքստում Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել ցանկացած տեսակի ռազմական աջակցություն Ադրբեջանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ այս միջոցառումը նման է երկկուսակցական 108 բանաձևին, որի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և հայկական հանձնախմբի ղեկավարությունը, որն այժմ ունի 88 համահեղինակ:

Նոր ներկայացված բանաձևը, որին աջակցում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, մասնավորապես կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և հակահայկական մարդու իրավունքների շարունակվող խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և կոչ է անում Ջո Բայդենի վարչակազմին դադարեցնել բոլոր ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ամբողջությամբ կիրառելով «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը:

Ըստ Հայ դատի հանձնախմբի տրամադրած տեղեկության՝ Արցախի շրջափակման դեմ Պադիլլա-Ռուբիո միջոցառմանը կարելի է աջակցությունը հայտնել՝ այցելելով https://anca.org/resolution էջը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի: Այս շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծել՝ Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերին զրկելով սննդից, դեղորայքից և առաջին անհրաժեշտության այլ պարագաներից: Մեր բանաձևը պարզ կդարձնի, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է սենատոր Պադիլլան բանաձևը ներկայացնելիս:

Կոնգրեսական Փալոնը ողջունել է Սենատում այդ բանաձևի ներկայացումը՝ հայտարարելով. «Ես այսօր կանգնած եմ իմ գործընկերների կողքին՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակումը։ Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը համակարգված է և նպատակ ունի փակել Արցախ պարենի, բժշկական պարագաների և փոխադրումների, ինչպես նաև այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման միակ ճանապարհը։ Մենք միասնական ենք՝ կոչ անելով Ադրբեջանին վերջ տալ այս միտումնավոր հումանիտար ճգնաժամին»:

Հայերեն العربية English Русский

Իրանը կկասեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցված են. Reuters

Հայկական Gurus-ը մասնակցում է նոր դեղամիջոցների կլինիկական հետազոտություններին և պատրաստում ոլորտի մասնագետների

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կա զոհ և տասնյակ տուժածներ

Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին