Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ներկայացված առաջարկությունները: Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել միջոցառումների ձևաչափերի, ժամանակացույցի և կազմակերպչական այլ հարցերի շուրջ:

Հանձնաժողովի նիստին ներկայացվել է նաև «Ազնավուր» հիմնադրամի հոբելյանական միջոցառումների ցանկը: Ինչպես նշել է Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, այն մշակվել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների, մշակութային տարբեր կազմակերպությունների, հանրային կառույցների, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամների հետ սերտ համագործակցության արդյունքում: Նշվել է, որ հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին և արվելու է հնարավորը՝ ամբողջ տարվա ընթացքում Ազնավուրի արվեստի շունչը զգալու համար:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ մայրաքաղաքում և մարզերում, մասնավորապես՝ պաստառների տպագրություն, համերգներ, թատերական ներկայացում, փոստային նամականիշների մարում, գրքի տպագրություն, ֆիլմերի ցուցադրություն, ձայնագրություններ, լուսանկարների ցուցադրություն և այլն: Նշվել է նաև, որ ակնկալվում է ՀՀ կառավարության աջակցությունը միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու հարցում:

Արայիկ Հարությունյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ և ընդգծել Շառլ Ազնավուրի հոբելյանական տարին սահուն, հարթ և պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Այդ համատեքստում վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է նաև շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների հետևողական, արդյունավետ, համակարգված աշխատանքը:

Հայերեն Français Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում