Հայաստանում բոլոր հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել․ Փաշինյանը խոսեց որդու առևանգման գործի մասին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդուն՝ Աշոտ Փաշինյանին չի առաջարկել հետ վերցնել առևանգման գործով բողոքի դիմումը։ Այս մասին Փաշինյանը հայտնեց կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով նաև կառավարության դիմաց այս պահին կազմակերպված բողոքի ցույցին, որի մասնակիցների պահանջն է՝ ազատ արձակել առևանգման գործով մեկ ամսով կալանավորված Գայանե Հակոբյանին։
Վարչապետը նկատեց, որ Աշոտ Փաշինյանի հետ այս թեմայով առաջին իսկ խոսակցության ժամանակ նա իր փաստարկներով զրկել է իրեն նման խնդրանքով դիմելու հնարավորությունից։
«Միջադեպի ժամանակ ես Հայաստանում չէի, մինչև վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են տրվել։ Երբ նրա հետ զրուցում էի, ասում էր․ «Ամբողջ նպատակն ու խնդիրն այն չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին»։
Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ պետք է արձանագրեն, որ բոլոր հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել։ Նա ինձ ասաց՝ իմ ընկալմամբ սա է եղել քո քաղաքական գործունեության և պայքարի ողջ նպատակն ու իմաստը։ Դրանից հետո ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով և խնդրանքով դիմելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը։
Լրագրողի հարցին, թե արդյոք դա ընտրովի արդարադատություն չէ, քանի որ վարչապետի շարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեկ տարի անց ոչ մեկ պատասխանտվության չի ենթարկվել, իսկ այս դեպքում, երբ հետևանքը ծանր չէ, միանգամից կալանքի խափանման միջոց է կիրառվել, վարչապետը նկատեց․ «Բնականաբար, շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ, միջադեպից հետո հեռախոսազրույց եմ ունեցել վրաերթի արդյունքում զոհված կնոջ հոր հետ։ Նա ասել է, որ ակնկալիքն այն է, որ իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ․․․
Տեղյակ չեմ գործի ընթացքից, բայց որևէ պատճառ չեմ տեսնում, որ այդ գործի ընթացքը օբյեկտիվորեն տեղի չունենա»։
Վարչապետ Փաշինյանի որդուն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանը մայիսի 20-ին մեկ ամսով կալանավորվել է։ Գայանե Հակոբյանը հերքում է առևանգման մասին պնդումները, ըստ նրա՝ ինքը պարզապես ցանկացել է զրուցել Աշոտ Փաշինյանի հետ։
Հակոբյանին ազատ արձակելու պահանջով մայիսի 20-ից նստացույց է իրականացվում կառավարության շենքի դիմաց։
Եթե դատարանը մեղավոր ճանաչի Գայանե Հակոբյանին, նրան սպասվում է 4-8 տարվա ազատազրկում։