«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին միացել է 116 թանգարան Հայաստանից և Արցախից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2023 թվականին միացել է 116 թանգարան Հայաստանից և Արցախից: Թանգարանները մայիսի 18-ից 20-ը բազմաբնույթ նախաձեռնություններով են նշելու տոնը՝ այցելուներին հնարավորություն տալով վերարժևորել պատմությունն ու մշակույթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, հիշեցրեց, որ Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրով:

Նա անդրադարձավ ոլորտում 2022-ին գրանցած հաջողություններին ու նշեց. «2022-ին թանգարաններ է այցելել շուրջ 1 մլն 78 հազար մարդ, թանգարանային ֆոնդերը համալրվել են 17 հազար առարկայով, իրականացվել են 225 ժամանակավոր ցուցահանդես, 2713 գիտակրթական ծրագիր և 658 միջոցառում, իսկ 2023-ին արդեն թանգարաններ է այցելել 116 հազար մարդ, կյանքի է կոչվել 50-ից ավելի ժամանակավոր ցուցահանդես»:

Քոչարյանի խոսքով՝ 2022-ին նորոգման աշխատանքներ են իրականացվել Հայաստանի ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում, և այդ ավանդույթը շարունակվում է: «Այս տարի վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու Հովհաննես Թումանյանի թանգարանում, պատրաստվում ենք փոխել պատկերասրահի վերելակները, որոնք խորհրդային շրջանից չեն փոխվել և այլն: Մշակում ենք կառավարման նոր մոդել, որը միտված կլինի թանգարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, թափանցիկությունն ապահովելու համար ամփոփում ենք էլեկտրոնային տոմսային համակարգի մրցույթը»,-նշեց փոխնախարարը:

Խոսելով ոլորտի խնդիրների մասին՝ Քոչարյանն ընդգծեց՝ խնդիրները շատ են, կարևոր է դրանցից յուրաքանչյուրը: «Կան թանգարաններ, որոնք վաղուց չեն վերանորոգվել, տեխնիկապես հագեցած չեն: Նման թանգարաններից է Հրազդանի երկրագիտական թանգարանը, անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում դեռ նման խնդիրներ կան: Գրեթե բոլոր թանգարաններում է այն առկա: Փորձում ենք հերթով լուծել: Աշխատավարձի խնդիր կա. ոլորտում վարձատրվում են՝ սկսած 78 հազար դրամից, բայց տնօրենները փորձում են փոխհատուցել հավելավճարներով և այլն»,-եզրափակեց Ալֆրեդ Քոչարյանն ու թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար թանգարանների մի խումբ աշխատակիցների պարգևատրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով, պատվոգրով, շնորհակալագրով:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

Հայերեն Русский Türkçe

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը