Podcast. Գրքի երևանյան փառատոնն ավելի քան քսան միջոցառմամբ տոն կնվիրի ընթերցողներին ու ոլորտի ներկայացուցիչներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զեղչված գրքեր, շնորհանդեսներ, համերգներ, հանդիպումներ Հայաստանի և արտերկրի գրողների, հրատարակիչների, ոլորտի այլ ներկայացուցիչների հետ ու հետաքրքիր քննարկումներ գրականության շուրջ:

Մայիսի 25-27-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային փառատոնը՝ քաղաքին կոչ անելով կարդալ:

«Արմենպրես Podcast»-ի շրջանակում փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը հիշեցնում է՝ փառատոնն անցկացվում է 2017 թվականից և նպատակը գրականության, գրահրատարակչության ոլորտների բոլոր մասնագետներին մեկ հարթակում միավորելն է եղել:

«Հայաստանում կային տարաբնույթ գրական միջոցառումներ, սակայն չկար մեծ հարթակ, որտեղ կլինեին բոլորը, և Գրքի երևանյան փառատոնը եկավ լրացնելու այն բացը, որ տասնամյակներ շարունակ նկատվում էր մեր գրական իրականությունում: Փառատոնը միջազգային ձևաչափի անցավ Գրքի երևանյան 5-րդ փառատոնից, այսինքն՝ 2022-ից, երբ մենք հրավիրեցինք գրողների յոթ երկրից, սակայն չասացինք, որ այն միջազգային փառատոն է, քանի որ մտավախություն կար, որ հնարավոր չի լինի պահպանել այդ կարգավիճակը: Կենտրոնացրինք ջանքերն ու այս տարի պաշտոնապես հայտարարում ենք, որ Գրքի երևանյան փառատոնը միջազգային է»,-շեշտում է Սարգսյանը:

Ուրախալի հանգամանք է այն, որ փառատոնը միացել է պոեզիայի ամենամեծ «Վերսոպոլիս» հարթակին՝ դառնալով նրա հովանավորությամբ իրականացվող նախաձեռնություն: «Վերսոպոլիս»-ը Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հարթակներից է ու նպատակն է աջակցել գրականության զարգացմանն ամբողջ Եվրոպայում:

Սարգսյանի խոսքով՝ փառատոնը մեծ հաջողություն է ունեցել ժամանակակից գրականության հանրայնացման գործում: «2019 թվականին սկսեցինք պոեզիայի ընթերցումների շարքը, ինչը նորություն էր: Դերասան Բաբկեն Չոբանյանը կարդում էր Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» բանաստեղծությունը, դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը՝ Հասմիկ Սիմոնյանի «Մեղուներ պահող աղջիկը» բանաստեղծությունը և այլն: Հոլովակները տարբեր սոցիալական հարթակներում բազմաթիվ դիտումներ ունեին: Այդ նախաձեռնությունը վարակիչ դարձավ, ու տարիներ անց Հանրային հեռուստաընկերությունն սկսեց «Էջանիշ» հաղորդաշարը, որի ընթացքում լուսաբանվում է և՛ դասական, և՛ ժամանակակից գրականությունը»,-հիշեցնում է Սարգսյանը:

2023-ին Գրքի երևանյան միջազգային փառատոնի ընթացքում նախատեսված է 25 միջոցառում՝ բանախոսություններ, վարպետության դասեր, գրական բանավեճեր, որոնք ներկայանալու հրաշալի հարթակ են գրողների համար:

Մայիսի 25-ին ընթերցողները հնարավորություն կունենան հանդիպելու գրող, սցենարիստ, հաղորդավար Տատյանա Տոլստայայի հետ, նույն օրը տեղի կունենա «Լավ էլի» խմբի համերգը, փառատոնի օրերին կլինի հանդիպում Արմեն Զախարյանի հետ: Նախատեսվում են Արամ Պաչյանի, Էրիկ Էմանուել Շմիտի և այլ հեղինակների գրքերի շնորհանդեսները, սակայն փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկը գրական մրցույթն է, որը նոր հեռանկարներ է բացում ստեղծագործողների առաջ:

Արմեն Սարգսյանի հավաստիացմամբ՝ փառատոնի գրական մրցույթը գրական Հայաստանում մեծ հեղինակություն ունի: «Այս տարի ունեցել ենք 118 հայտ 4 անվանակարգում՝ «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն»: Նախորդ տարի «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում հաղթեց 20-ամյա Խաչիկ Գրիգորյանը, որը որպես գրող անծանոթ էր մեր հասարակությանը: Ժյուրիի կազմում էր գրականագետ Հայկ Համբարձումյանը, որը համագործակցում է «Զանգակ» հրատարակչության հետ: «Զանգակ»-ը Խաչիկին առաջարկեց առանձին գրքով հրատարակել այդ ստեղծագործությունը»,-պատմում է փառատոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա կարծում է՝ գրողի կենսագրության մեջ Գրքի երևանյան փառատոնի մրցանակը ստացած լինելու հանգամանքը կարևոր է և՛ Հայաստանում, և՛ երկրի սահմաններից դուրս:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին