Սասուն Խաչատրյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել ՀՀ Հակակառուպցիոն Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության բյուրոյի («INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները, կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրած արդյունքները, անդրադարձել հիմնական առաջնահերթություններին՝ այդ թվում՝ կառույցը պատրաստված կադրերով ու ժամանակակից տեխնիկայով համալրելու գործընթացին:

Կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև՝ անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու հարցում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի («INL») հետ սերտ համագործակցությանն ու դրա շրջանակում վերապատրաստման և փորձագետների ներգրավմամբ տարբեր ծրագրերի իրականացման արդյունավետությանը: Սասուն Խաչատրյանը կարևորել է նաև ամերիկյան գործընկերների աջակցությունը միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող աշխատանքներում:

Դեսպան Քվինը, ընդգծելով Հակակոռուպցիոն կոմիտեի կարևոր դերակատարումը Հայաստանի իրավապահ համակարգում, հատկապես ողջունելի է համարել այն հանգամանքը, որ Կոմիտեին հաջողվել է գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ որոշակի դրական արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:

ԱՄՆ դեսպանը կարևորել է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ տարվող աշխատանքները և պատրաստակամություն հայտնել նույն արդյունավետությամբ շարունակել ձևավորված սերտ համագործակցությունը:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում